Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վերանայել է իր անցյալը եւ պատրաստը իր ավանդը բերել Հայաստանի կայուն ապագայի կառուցման գործում: Այս մասին նոյեմբերի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագիրը:

Նա հույս հայտնեց, որ ընտրողները կառաջնորդվեն ոչ այնքան զգացմունքներով, որքան քաղաքական ուժերի մոտ գաղափարախոսություն, փորձառու եւ սկզբունքային մարդկանցից կազմված թիմ գտնելու ցանկությամբ: Ընդ որում՝ Աշոտյանը նշեց, որ ՀՀԿ-ն հույս ունի Հայաստանում առաջին նախադեպը ստեղծել, երբ նախկին իշխանամետ կուսակցությունը քաղաքական երկնակամարից չի անհետանում, այլ շարունակում է աշխատել հանուն երկրի բարօրության:

Քաղաքական գործիչը նշեց պատճառները, որոնք ընտրողներին կդրդեն իրենց ձայները տալ Հանրապետական կուսակցության օգտին. «Մենք պատմություն ունենք, գիտելիքներ եւ փորձ, մենք գիտենք եւ ընդունում ենք մեր սխալները եւ պատրաստ ենք Հայրենիքին ծառայելու»: Խոսելով կուսակցության նախընտրական կարգախոսի մասին՝ «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականներին», Աշոտյանը նշեց, որ այսօրվա դրությամբ երկրի առջեւ ծառացած են բազմաթիվ խնդիրներ, որոնք անխուսափելիորեն հետեւանքներ կունենան՝ կապված «ներկայիս իշխանությունների ոչ պրոֆեսիոնալիզմի եւ սիրողական մոտեցման հետ, ինչպես նաեւ Հայաստանի հանդեպ նրանց անլուրջ վերաբերմունքի հետ»:

«Հայաստանում վերջին 6-7 ամիսներին տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք պետք է մտահոգություն հարուցեն: Մենք Փաշինյանի եւ նրա թիմի կողմից տեսնում ենք ՀՀԿ-ին ուղղված խիստ քննադատություն, մինչդեռ մեր ձեռքբերումները լռության են մատնվում, իսկ մեր սխալները ներկայացվում են սեւ լույսի ներքո»,- հայտարարեց ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը:

Նա ուշադրություն դարձրեց այն փաստին, որ գործող իշխանությունների բարձրաձայնած խոստումներից շատերն այդպես էլ իրականություն չեն դարձել: Սա, մասնավորապես, վերաբերում է ճանապարհների տեսահսկման խցիկներին, վճարովի կայանման «կարմիր գծերին», ինչպես նաեւ կուտակային կենսաթոշակային համակարգին: «Խոստումները շարունակում են բարձրաձայնվել, սակայն դրա հետ մեկտեղ, ոչ մեկը չի խոսում դրանց իրականացման ճանապարհների մասին»,- նշեց նա:

«Ես շատ եմ ցանկանում, որ նոր կառավարությունն աշխատի այնքան, որքան ամրագրված է Սահմանադրությամբ: Սա կդառնա Հայաստանում եւ ընդհանրապես տարածաշրջանում անվտանգության եւ կայունության երաշխիք»,- հավելեց նա: