ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մարալիկում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ անդրադարձել է «Հայաստանի Հանրապետական» կուսակցության կարգախոսին ու նախընտրական պաստառներին՝ նշելով, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին պետք է արձանագրվի ՀՀԿ-ի քաղաքական մահը:

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ընտրողների հետ հանդիպմանը իր ելույթում Փաշինյանը, մասնավորապես, ասաց․ «Եվ այսօր Հանրապետական կուսակցությունը դուրս է եկել մեյդան, էդ տապանաքարի նման պլակատներն էլ սարքել են սեւով եւ ճիշտ էլ արել են, որովհետեւ այս ընտրությունները պետք է արձանագրեն Հանրապետական թալանչիների քաղաքական մահը: Եվ այս ընտրություններով Հանրապետականին, որը քսան եւ ավելի տարի թալանել է երկիրը, պետք է նետել քաղաքական աղբանոցը»։

ՀՀԿ նախընտրական պաստառների այն մտքին, թե եթե մտահոգված ես Արցախի ապագայով, ընտրիր հանրապետականին, Փաշինյանը արձագանքեց՝ շեշտելով, որ Արցախի մասին խոսելու բարոյական իրավունք ՀՀԿ-ն չունի․

«Այսօր եկել, կանգնել են, ասում են՝ եթե մտահոգ եք բանակով, քվեարկեք ՀՀԿ-ի օգտին, ա՛յ բանակը քսան տարի թալանած սերմացու գողացող մկներ, դուք դեռ բարոյական իրավունք ունե՞ք բանակի մասին խոսել, դուք, որ մեր զինվորին նույնիսկ «մայկա տռուսիկով» չեք կարողացել ապահովել: Բանակի մասին մտածող Հանրապետականներին պետք է բռնել եւ ստիպել, որ իրենք մի շաբաթ ուտեն էն, ինչ որ իրենցից ժառանգություն ստացած եւ իներցիայով, դեռ դրվում է մեր զինվորի սեղանին։ Մեր դիրքերում ծառայող զինվորներին էն, ինչ որ դուք թողել եք մի շաբաթ, տո՛ ի՞նչ մի շաբաթ, երեք օր պետք է կերցնել տանք ու ասենք՝ ձեններդ կտրե՛ք, ծպտուն չհանե՛ք բանակի մասին։ Այն, ինչ դուք արել եք բանակի հետ, դա կոչվում է ազգի դավաճանություն ոչ միայն բարոյական, այլ նաեւ քրեական իմաստով: Զինվորի հացը գողացած ոչ մի ստահակ չի խուսափի պատասխանատվությունից, նրանք հայտնվելու են բանտում»,-հավելեց նա:

Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաեւ Լեռնային Ղարաբաղին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցում հետեւողական լինելու մասին․ «Քաղաքական ուժեր կան, որ նախկինում իշխանություն են եղել, կոալիցիա են եղել, էդ մարդիկ Ղարաբաղի հարցով մտահոգված են, խոսում են Ղարաբաղի հարցում հայանպաստ դիրքորոշման մասին։ Լսե՛ք բոլոր նախկին իշխանավորներ, ով որ Ղարաբաղի հարցում խոսա հայանպաստ դիրքորոշման մասին, դու խոսացեք ուրիշ բաների մասին, ասենք՝ քյաբաբից, Մերսեդեսի «զապաս պագրիշկից», «նոչնոյ կլուբից», բիլիարդանոցից, դուք ի՞նչ կապ ունեք հայանպաստության ու ազգանպաստության հետ։ Էդ դուք չե՞ք, որ Ղարաբաղը ձեր նեղ իշխանական շահերի համար դուրս եք թողել բանակցային գործընթացից։ Եվ մենք ասում ենք, որ հետեւողական ենք լինելու Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցում»։