ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանն այսօր՝ նոյեմբերի 26-ին, կուսակցության քարոզարշավի ժամանակ քննադատել է  «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի Թալինում արված հայտարարությունը, թե «այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։

«Հույս ունենանք, որ Սասուն Միքայելյանը չի հասկացել, թե ինչ է ասել։ Հրազդանցիներից շատերն են հիշում, թե Սասուն Միքայելյանը ինչ էր անում 1995 – 1996 թվերին։ Այսօր Սասուն Միքայելյանը թույլ է տալիս ապրիլ–մայիսյան շարժումը ավելի վեր դասել վերջին 30 տարիների համաժողովրդական, հուժկու պայքարը, որը կոչվում է Արցախի գոյամարտ։ Երկու տարբերակ կա, կամ չի հասկացել, կամ փորձ է նսեմացնել ազատամարտի արժեքը»,-ասաց Մանուկյանը։

 Հիշեցնենք, որ ավելի վաղ Սասուն Միքայելյանը «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ Թալինում ասել էր․ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, բայց ես չեմ վարանի ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, որովհետև այն հաղթանակը կատարվեց մեր ազգի քաջորդիների շնորհիվ, այն հաղթանակի արդյունքը պետք է տեսներ մեր հայ ժողովուրդը, սակայն նախկին իշխանությունները թույլ չտվեցին: Մեր ժողովուրդը չհասկացավ մեր հաղթանակի գինը, մեր ժողովուրդը չպատկերացրեց՝ մարդիկ ինչի համար գլուխները դրեցին զոհասեղանին»։