Ես ուզում եմ քաղաքական մշակույթի մեջ մտցնել աֆորիզմներ։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀԿ նախագահի տեղակալ, Ավագների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը։

«Գալուստ Սահակյանին պետք չէ խորհրդարանի պատգամավոր լինել, որպեսզի շարունակի իր ներդրումները։ Ես 23 տարի խորհրդարանում եմ եղել եւ ամենակարեւոր դերակատարումն եմ ունեցել։ Այդ տարիների ընթացքում հնարավոր է դարձել մեր երկրի օրենսդրությունը եւ վարչական կաբինետները կարգավորելը։ Այսօր մենք ունենք լավագույն պետական ապարատը»,– ասաց նա։

Սահակյանը շարունակում է ներդրումը եւ չի կարծում, որ խորհրդարանի պատգամավոր լինելը պարտադիր պայման է։

Գալուստ Սահակյանի անունը ՀՀԿ նախընտրական ցուցակում չկա, փոխարենը որդու՝ Արման Սահակյանի անունն է 7–րդ հորիզոնականում. «Մոտեցումը հետեւյալն էր, որ քաղաքականապես պատրաստ իմ որդին՝ Արման Սահակյանը, որը դեռ 90–ականներից ճանաչել է ՀՀԿ–ն, հարաբերություններ է ունեցել ե՛ւ Աշոտ Նավասարդյանի, ե՛ւ Անդրանիկ Մարգարյանի հետ եւ, ամենակարեւորը, Սպարապետի հետ, լինի ցուցակում։

Ըստ էության, նրա գործունեությունը կապված չէ որոշակի աշխատանքներ ունենալու խնդրի հետ, մեկ խնդիր ունենք՝ ունենալ ազգային պետություն եւ այսօր էլ խորհրդարան գնալով՝ այդ խնդիրը պետք է կարողանա իր թիմակիցների հետ կատարել»,–ասաց Գալուստ Սահակյանը։

Նրա համոզմամբ, Ղարաբաղյան հարցը ձախողման փուլում է. «Ես ասում եմ, որ վտանգավոր պրոցեսի մեջ է Ղարաբաղի հարցը, որովհետեւ այսօր էլ քաղաքականության մեջ խնդիրներ կան, մանավանդ Ադրբեջանի վարած քաղաքականության մեջ։ Այսօր Ղարաբաղի բանակի պատասխանատուն ո՞վ է, ոչ թե երկրի ղեկավարն է այդ խնդրի լուծողը, այլ Ղարաբաղի ժողովուրդը, որեւէ մեկը չկա, որ պատասխանատու լինի, սովորաբար երկրի ղեկավարը պետք է պատասխանատու լինի»։

Գալուստ Սահակյանի համոզմամբ, ՀՀԿ–ն սխալ չի գործել։

Նիկոլ Փաշինյանի քաղաքականության սխալներից է համարում այլախոհության խրախուսումը, եկեղեցու դեմ պայքարը. «Գալուբոյներին երկիրը տնօրինելու գործիքներ են տվել. վարչապետը քայլում է, նրանք էլ հետեւից քայլելով գնում են»։

ՀՀԿ ղեկավարի քաղաքական ակտիվացման հեռանկարի մասին Սահակյանն ասաց. «Սերժ Սարգսյանը արդեն պատմության մեջ է, նա մասնակցել է ե՛ւ Ղարաբաղի պատերազմին, ե՛ւ երկրի անկախությանը, ե՛ւ կարողացել է աշխարհին ծանոթացնել հայ հասարակությանը եւ հայ ձեռքբերումներին։ Վերջին հաշվով, Նարեկացին արդեն երկնակամարում է որպես առաքելություն հայոց, էդ էլ ասեմ. Սերժ Սարգսյանի գործողությունների հետեւանքով Գրիգոր Լուսավորիչն ու Նարեկացին ամբողջ աշխարհում հայտնի դարձան որպես քրիստոնյա առաքելություններ»։

Գալուստ Սահակյանը համոզված է, որ այսօրվա իշխանությունները փորձում են Երկրապահը վերացման ճանապարհով տանել եւ Հայաստանը դարձնել, նրա խոսքով, կիսատպռատ մի պետություն։

Մարտի 1–ի գործով բացահայտումներ կատարելու համար, ըստ Սահակյանի, պետք է պատրաստված մասնագետներ կանչել արտասահմանից։ Ինչո՞ւ ՀՀԿ–ական իշխանությունները չեն կանչել՝ հարցին, պատասխանեց. «Ես չեմ էլ գտնում, որ էդտեղ մեծ բան է տեղի ունեցել, որ մարդ կանչենք, քաղաքական խաղ է։ Մեր ազգը պետք է պատասխան տա, որ այդ 10 հոգուն սպանել են»։

Նա մանրամասներ պատմեց. «Դավիթ Շահնազարյանը կարողանում էր ժողովրդին իջեցնել, Նիկոլը եկավ, կանգնեցրեց բոլորին, դրանից հետո մարդիկ սկսեցին գնդակահարվել, կամ մահվան դուռը գնալ»։

Գալուստ Սահակյանը վստահ է, որ մարտի 1–ի եւ հոկտեմբերի 27–ի գործերը բացահայտել հնարավոր չէ։

Քաղաքական աֆորիզմներով հայտնի գործիչը նաեւ մեկնաբանեց, թե ինչպես է վերաբերվում իր սրամտությունները կատակի թեմա դարձնելուն. «Մարդկանց մի մասը կիսով չափ հասկանում է, մի մասը ընդհանրապես չի հասկանում։ Ես ուզում եմ քաղաքական մշակույթի մեջ մտցնել աֆորիզմներ. եթե աֆորիզմ կա հասարակական զարգացման պրոցեսների մեջ, դա բավականին նորմալ իրավիճակ է, քաղաքականության մեջ լինում են աֆորիզմներ»։

Աֆորիզմներից մեկը Գալուստ Սահակյանը բացատրեց. «Իհարկե, եթե մարդը չափից դուրս է գալիս, անչափ չի դառնում. ինքը չափից դուրս եկած մարդ է, բայց ինքը անչափ մարդ չէ։ Անչափ մարդը կարող է լինել մի լավ բանաստեղծ»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։