Ինչպես է գործում ներկայիս իշխանության պարագլուխը. գիտեք՝ պրոֆեսիոնալ հանցագործները որտեղ են թաքցնում դիակները կամ իրենց հանցագործությունները. նոր դիակների կամ նոր հանցագործությունների տակ։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դավիթ Շահնազարյանը, ով առաջադրվել է ՀՀԿ–ի ցուցակով։
Շահնազարյանը նշեց, որ կարող է մի քանի օրինակ բերել. «Եթե չեմ սխալվում օգոստոսի 17–ի առավոտյան մամուլում հայտնվեց հայտնի գաղտնալսման ձայնագրությունը, նույն օրը՝ երեկոյան, վարչապետը հայտարարեց ասֆալտին պարկացնելու եւ պատին ծեփելու մասին, քանի որ պետք էր մի նորություն, որը կխլացներ ձայնագրության փաստը։ Եւ չեք կարող ինձ հետ չհամաձայնել, որ այդ գաղտնալսելու աղմուկը այսպիսով լռեցվեց... եւ նման օրինակները շատ են։ Երբ նա մասնակցում էր ՀԱՊԿ–ի վերջին գագաթնաժողովին եւ իր համար ակնհայտ դարձավ, որ Հայաստանը չի պահպանելու ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, դրանից անմիջապես հետո հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ցնցող հայտարարություն արեց, որով մամուլը ուղղակի չանդրադարձավ ՀԱՊԿ–ում տեղի ունեցածին, առաջնահերթություն տալով աղմկահարույց հայտարարությանը, որ Հայաստանում 800 հազ. այսպես կոչված անբան կա։ Նույնիսկ մեև թշնամիները հայ ժողովրդին նման գնահատական չեն տվել նույնիսկ Օսմանյան կայսրությունում եւ դրանից հետո։ Սա հերթական տապալումը փակելու ձեւն էր»։











