Որոշ ՀՀԿ-ականներ, Արմեն Աշոտյան, Շուշան Պետրոսյան, որոշել են արցախյան ազատամարտը պաշտպանել Սասուն Միքայելյանից. ձեր քաշի չափ ասկոլկա կա Սասուն Միքայելյանի մարմնում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Սպիտակ քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Սասուն Միքայելյանի հայտարարության վերաբերյալ, թե այս հեղափոխությունն ավելի կարեւոր էր, քան արցախյան ազատամարտը, ՀՀԿ-ականների եւ Արցախի պաշտոնյաների բուռն քննադատությանը:
«Դուք, որ երկար տարիներ բերաններդ ջուր առած հետեւել ու ղեկավարել եք բանակի թալանը եւ հիմա եղունգներով ուզում եք պաշտպանել բանակը թալանելու ձեր իրավունքը, ես թույլ չեմ տալու ձեզ:
Ես չեմ հիշում, որ որոշ մարդիկ, այդ թվում Արցախում, ինչ-որ մի նախադասություն ասած լինեն այն առիթով, երբ պարզվեց, որ Մանվել Գրիգորյանը զինվորի հացը տարել արջերին է կերակրել, բա ո՞ւր էիք այն ժամանակ: Լռել եք, որովհետեւ ձեզնից ոմանք այդպիսի պահեստներ ունեն որոշ տեղերում: Մենք այդ պահեստների տեղը գիտենք, այդ պահեստների լուսանկարները ունենք: Մենք այդ պահեստները բացահայտել ենք: Եթե շատ բան չենք ասում, որովհետեւ էդտեղ պետական գաղտնիքի ու անվտանգության հարց կա: Եթե ոմանք բանակի համար տրամադրված միջոցներից իրենց վետերոկներն են ֆինանսավորում, էդ ինչի՞ ազատամարտը չէիք պաշտպանում»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա նշեց, որ ինքը միջնորդել է, որ գլխավոր դատախազն ուսումնասիրի հարցը, թե այդ ինչ սնունդ է մատակարարվում մեր զինվորներին. «Հատ-հատ գտնելու եմ էդ մարդկանց ու պատասխանատվության եմ ենթարկելու, ինչ կոչում ուզում է ունենան: Կոչումները վերցրել եք, որ ժողովրդի թալանե՞ք, որ իրենց քացու տակ տակ սատկացնե՞ք, որ նվաստացնեք ու ընտանիքներ քանդե՞ք:
Ես ինչ-որ չեմ հիշում, որ ազատամարտի պաշտպանները կես բառ ասած լինեն այն կապակցությամբ, որ Սերժ Սարգսյանի եղբոր բանկային միայն մեկ հաշվում 30 մլն դոլար լինի: Էդ որտեղի՞ց ձեզ 30 մլն դոլար, երբ զինվորը տռուսիկ-մայկա չունի, այ թալանչի ստահակներ: Մենք բոլոր փողերի հետեւից գնալու ենք եւ դրանք վերադարձվելու են բանակին: Պատրաստվեք, ձեռքներից առնելու ենք ձեր թալանած վերջին կոպեկը: Այս պրոցեսի արդյունքում ոմանք բոմժ են դառնալու, որովհետեւ բոմժ են եղել եւ վերադառնալու են այդ վիճակին»,-ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սասուն Միքայելյանը «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ Թալինում ասել էր․ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, բայց ես չեմ վարանի ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, որովհետև այն հաղթանակը կատարվեց մեր ազգի քաջորդիների շնորհիվ, այն հաղթանակի արդյունքը պետք է տեսներ մեր հայ ժողովուրդը, սակայն նախկին իշխանությունները թույլ չտվեցին: Մեր ժողովուրդը չհասկացավ մեր հաղթանակի գինը, մեր ժողովուրդը չպատկերացրեց՝ մարդիկ ինչի համար գլուխները դրեցին զոհասեղանին»։











