Ադրբեջանում վերեվարված Կարեն Ղազարյանի հետ կապված խնդիրը պարզ խնդիր չէ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, Նոյեմբերյան քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանը կիսապաշտոնական առաջարկ է արել, որ փոխանակեն Արցախի կողմում գտնվողն երեք ադրբեջանցիներին, Ադրբեջանում գտնվողն երեք հայերի հետ: «Ադրբեջանն առաջարկել է բոլորին բոլորի հետ փոխանակել: Թվում է, թե նորմալ, հումանիտար առաջարկ է, ինչու պետք է մենք հրաժարվենք այդ առաջարկից: Իրականում ամեն ինչ այդքան պարզ չէ, որովհետեւ Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի երկու քաղաքացի դատապարտված են մեկը 20 տարվա ազատազրկման, մյուսը՝ ցմահ բանտարկության, որովհետեւ նրանք Արցախի երկու քաղաքացի են սպանել, ընդ որում մեկ 15 տարեկան տղայի, իրենց տան մեջ: Հարցը հետեւյալն է. իսկ այդ սպանված քաղաքացիների ընտանիքները կհամաձայնե՞ն, որ ոճրագործներին հանձնենք Ադրբեջանին:

Դուք տեսաք, որ երբ Գորգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովը վերադարձվեց Ադրբեջանին,  նրանից ազգային հերոսի կերպար ստեղծեցին: Պարզ է, որ եթե այդ երկու ադրբեջանցիներին Արցախի Հանրապետությունը որոշի վերադարձնել, նրանք այդ ոճրագործներից նոր ռամիլսաֆարովներ են կերտելու: Մենք ուզո՞ւմ ենք այդպիսի բան: Այսինքն ուզո՞ւմ եք, որ մենք  ուղերձ հղենք, որ հանգիստ մտեք ու հայերին սպանեք եւ ձեզ դրա համար ոչ մի բան չի լինի, ձեզ կվերադարձնենք, դուք էլ կդառնաք ազգային հերոս: Սրա քաղաքական եւ գործնական հետեւանքները մենք պատրա՞ստ ենք եւ ուզո՞ւմ ենք կրել»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ օրեր առաջ Թուրքիայից մի 15-ամյա պատանի էր սխալմամբ անցել սահմանը եւ Հայաստանը առանց նախապայմանների վերադարձրեց նրան: «Մենք այդպիսի երկիր ենք, մենք Ադրբեջանի նման չենք, որը հիմա Կարենին փորձում է ներկայացնել որպես դիվերսանտ: Մենք բոլորս գիտենք, որ դա կատարյալ սուտ է: Տրամաբանական կլիներ, որ նրանք պարզապես Կարենին վերադարձնեին: Կա նաեւ վարկած, որ Կարենը ոչ թե մոլորվել է, այլ նրան առեւանգել են իր տնից: Այս վարկածը եւս պետք է մանրամասն հետաքննվի: Այս պահին դրա ապացույցները չկան, բայց եթե լինեն, մեր դիրքերը բանակցային գործընթացում ավելի կուժեղացնի»:

Փաշինյանը տեղեկացրեց, որ Դուշանբեում Ադրբեջանի նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն կոմունիկացիայի ալիք ունեն եւ այդ ալիքով եւս Կարենի հարցով զբաղվել են ու զբաղվում են: «Մենք առաջարկում ենք Կարենին վերադարձնել, բայց նրանք չեն համաձայնում: Ասում են՝ երեքը երեքի դիմաց: Դուք հիմա պահել եք գրություն՝ «Վերադարձրեք մեր Կարենին», բայց Կարենը նաեւ մերն է: Մենք բոլոր դիվանագիտական ջանքերը պետք է գործադրենք, որ այդ հարցը կարողանանք լուծել: Այդ Ադրբեջանն է, որ այդ հարցը դարձնում է աշխարհաքաղաքական կամ միջազգային, միջպետական հարց: Դա պարզ հումանիտար հարց է: Ինչպես մենք վերադարձրինք Թուրքիայի քաղաքացուն, նույնկերպ Ադրբեջանը պարտավոր է Կարենին վերադարձնել, որովհետեւ դա կոչվում է մարդկային տրամաբանություն: Մենք այս հարցը կբարձրացնենք բոլոր միջազգային հարթակներում, նաեւ երկկողմ շփումներում»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաեւ 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում: Սա Ադրբեջանի իշխանություններին չէր խանգարել Ղազարյանին դիվերսանտ հայտարարել եւ դատել:

Նշենք, որ օրեր առաջ Բերդավան գյուղի բնակիչները փակել էին դեպի Բագրատաշեն եւ Վրաստան տանող ճանապարհը եւ պահանջում են հետ վերադարձնել Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին: