Թեղուտի հանքավայրի հետ կապված Նիկոլ Փաշինյանի ասածը բլեֆ է: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հերթական անգամ խաբում է:Եթե սուտ չի, թող մինչեւ դեկտեմբերի 9-ը Թեղուտը բացեն: Իրենք փակել են Ալավերդին, հետո ասում են՝ պետք է աշխատի: Ես դեմ եմ, որ մարդիկ անտառը կտրեն ու հարստանան: Անտառը մեր աչքի լույսն է, բայց նաեւ դեմ եմ, որ գյուղացին չկարողանա իր ընտանիքի հոգսերը հոգա: Բա ձմեռն ի՞նչ է վառելու: Եթե արգելում ես, պիտի ապահովես այլընտրանքային վառելիքով»,-հայտարարել է Շարմազանովը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ալավերդի քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արդեն կա պայմանավորվածություն. ռուսաստանաբնակ գործարար Նորիկ Պետրոսյանը ստանձնել է այդ գործը եւ խոստացել, որ Թեղուտի հանքավայրը շարունակելու է աշխատել, պարզապես նախ պետք է վերանորոգել պոչամբարի պլատինան, որը վնասված է: Դա կտեւի մոտ 1,5 ամիս: նաեւ նշել է, որ եթե մինչ այդ հնարավոր չլինի լուծում գտնել Ալավերդու պղնձաձուլարանի հարցում, ապա Թեղուտի հանքավայրում պետք է ստեղծվեն ավելի շատ աշխատատեղեր, որ պղնձաձուլարանի աշխատողները բոլորն աշխատեն Թեղուտում:











