Քարոզարշավի շրջանակներում մարզային այցելությունները ցույց են տալիս, որ կան լուրջ հիմքեր, որ  «Սասնա ծռեր» կուսակցությունն անցնի  խորհրդարան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական  ցուցանկի երկրորդ համարը զբաղեցնող,  քաղաքագետ  Ստեփան Գրիգորյանը:

Անդրադառնալով կուսակցության նախընտրական ծրագրում առաջ քաշված՝  Արցախը Հայաստանին միացնելու վերաբերյալ դրույթին, Գրիգորյանն ասաց, որ այդ գործընթացը հնարավոր է իրականացնել փուլ առ փուլ:

«Սասնա ծռերը»  Ղարաբաղի հարցում ունեն կոնկրետ տեսլական, որ Արցախն  ու Հայաստանը պետք է միավորվեն:  Ոչ մի Մադրիդյան սկզբունքներ այսօր չկան,  ոչ մի բանակցություններ չկան, գնալով Ադրբեջանի դիրքորոշումը կոշտանում է:  Մենք ասում ենք, որ պետք է քայլեր անել Արցախն ու Հայաստանը միավորելու համար:

 Արցախում ապրում են հայեր, ոչ թե արցախցիներ.  արցախցի, էս ձեւի ազգ չկա: Մենք հիմա պետք է քաղաքականություն ընտրեինք, որ բոլոր քայլերը նպաստեն Արցախի միավորմանը»,-ասաց նա:

Ըստ Ստեփան Գրիգորյանի՝  Հայաստանի եւ Արցախի  քաղաքական համակարգերը չպետք է իրարից անկախ լինեն:

«Արցախում գործող քաղաքական կուսակցությունները պետք է իրենց համար գործընկեր կուսակացություններ գտնեն Հայաստանում եւ համագործակցեն Հայաստանյան քաղաքական ուժերի հետ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» կուսակցության 174 հոգանոց ցուցակի եռյակում են Վարուժան Ավետիսյանը, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, Գարեգին Չուգասզյանը: