Քվեն եւ ներդրում անելը իրար հետ կապ չպետք է ունենան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30–ին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ Աբովյանում, անդրադառնալով ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանի կոչին՝ քվեով հնարավորություն տալ Գագիկ Ծառուկյանին շարունակելու ներդրումները։

«Սա չի արտահայտում այն քաղաքական, տնտեսական իրավիճակը, որը կա Հայաստանում, սա հին Հայաստանի սինդրոմ է»,–ասաց նա։

Նա վստահեցրեց, որ կառավարությունը երաշխավորում է ներդրումների ապահովությունը՝ անկախ ներդրողի ո՛վ լինելուց։

«Պարոն Ծառուկյանի եւ մյուսների հավասարությունը օրենքի առաջ երաշխավորում ենք»,–ասաց նա։

Պատգամավորի թեկնածու գործարարների թիվը նվազել  է 95 տոկոսով՝ արձանագրեց Նիկոլ Փաշինյանն ու նկատեց, որ նրանք շարունակում են ներդրումներ անել եւ դա գործարարի կարգավիճակի նսեմացում չէ, այլ բարձրացում, քանի որ գործարարությունը որեւէ կերպ չպետք է սահմանափակի քաղաքացիների ազատությունը։

«Երբ ես ընտրվեցի վարչապետ եւ պատգամավոր գործարարներից հարցրի՝ նրանց ինչի՞ն էր պետք առաջադրվել թեկնածու, նրանց մի մասը անկեղծ ասում էր՝ ձեզ թվում է մենք ուզում ե՞նք»,–ասաց նա ու հավելեց, որ նախորդ իշխանությունները գործարարներին ստիպել են, որ առաջադրվեն, փող ծախսեն եւ ձայն ապահովեն։ Նա եզրակացրեց, որ այս իրավիճակում գտնվող գործարարների համար հեղափոխությունը ազատարար նշանակություն է ունեցել, քանի որ իրենք ոչ մի գործարարի չեն ստիպել իրենց համար ձայներ ապահովել։