Ակնհայտ է, որ այսօրվա արտաքին քաղաքականությունը լիարժեք կատաստրոֆայից փրկում է մեկ հանգամանք՝ արտաքին գործերի նախարարության աշխատակազմը դեռեւս բաղկացած է պրոֆեսիոնալներից նախարարի գլխավորությամբ։ Այս մասին Հայաստանի թիվ 5 հեռուստաընկերության «Դեմ առ դեմ» հաղորդման նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանը։

«Ակնհայտ է, որ վարչապետի ելույթները միշտ չէ, որ խարսխված են ԱԳՆ–ի կողմից տրվող տեղեկանքների վրա։ Սա է պատճառը, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը հերթական էմոցիոնալ պոռթկումն է ունենում Իրանի հետ սահմանի մասին, որ կարող է փակվել, ԼՂ հակամարտության մասին, Զոհրաբ Մնացականյանը փորձում է լրատվամիջոցների միջոցով «լղոզել ու սվաղել» վարչապետի արտաբերած արտասովոր մտքերը, մարգարիտներն արտաքին քաղաքականության մասին»,– ասել է նա։

Արմեն Աշոտյանը կառավարության արտաքին քաղաքականությունը համեմատել է մի վարորդի հետ, որը նախորդից ստացել է քարտեզները, ճանապարհը գիտի, բայց վարել չգիտի. «Մեկ ղեկը փախցնում, ձախ է խփում, Մոսկվայի հետ խնդիր է ունենում, մեկ ղեկը փախցնում, ձախ է խփում, Բրյուսելի հետ է խնդիր ունենում, մեկ ընդհանրապես խոդի չի կարողանում գցել մեքենան, որ առաջ տանի»։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ, «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Ռուբեն Ռուբինյանը հակադարձել է, որ նախորդ իշխանություններն էլ այդ մեքենան չէին վարում։

«Ձեր իշխանության արտաքին քաղաքականության հիմնաքարը ճանապարհի մեջտեղում կանգնած մեքենան էր իր վարորդով, որը սպասում էր, անցնում էին, աջից էին խփում, ձախից էին խփում, երբ ձեր վարորդի ներկայությամբ այլ վարորդ կարդում էր մեր հակառակորդ վարորդի նամակը, ձեր վարորդը լուռ լսում էր, նույնիսկ սիգնալ չէր տալիս։ Սա էր եղել ձեր արտաքին քաղաքականությունը, որը եղել է պասիվ, արձագանքողակն արտաքին քաղաքականություն։ Մենք ի տարբերություն ձեզ չենք խորշում խնդիրներից»,– ասել է նա։

Սրան Աշոտյանն արձագանքել է. «Ձեր վարորդի փսիխոն պետք է ստուգել, որովհետեւ վերջին օրերի նրա անհավասարակշիռ քաղաքականությունը ցույց է տալիս, որ նրան ներքին քաղաքականությունը, առավել եւս արտաքին քաղաքականությունը չի կարելի վստահել, որ վարի»։

«Եթե հաջորդ խորհրդարանում մենակ դուք լինեք, ապա ակնհայտ է, որ ՀՀ խորհրդարանական դիվանագիտության վրա պետք է ՀՀԿ նախընտրական պաստառների չափի տապանաքար դնել ու նշել՝ այստեղ եղել է ՀՀ խորհրդարանական դիվանագիտությունը»,– ասել է Աշոտյանը։

Աշոտյանը ի պատասխան գործող կառավարությանը մեղադրեց «թամբալության» մեջ. «ԵՄ–ի հետ պայմանագիրն ուժի մեջ է մտել հունիսի 1-ից, նոյեմբերին նոր ձեր թամբալ կառավարությունը, անպիտան գործունեությամբ, ի վիճակի չլինելով կյանքի կոչել այդ պայմանագիրը, նոյեմբերին նոր հաստատում է գործողությունների ծրագիրը, անցել է 6 ամիս, դուք մսխել եք ՀՀ–ԵՄ հարաբերություններից 6 ամիս, ձեր կառավարության անգործությամբ, սիրողականությամբ, դուք ոչինչ չեք արել»։

Ամփոփելով՝ Ռուբինյանը նշեց, որ իրենց համար կարեւոր է ՀՀԿ–ին թաղելը. «Մեզ համար կարեւոր է, որ ՀՀԿ–ն, որը մարմնավորումն է արատավոր համակարգը, թաղվի, որ Հայաստանում իրական քաղաքական բանավեճեր սկսենք»։

Աշոտյան էլ արձագանքեց, որ սա ատելության եւ անհանդուրժողականության խոսք էր ՀՀ փոխարտգործնախարարի կողմից. «Մենք ֆիքսելու ենք այս ատելության խոսքը դիտորդական առաքելությունների առաջ։ Ցավում եմ, որ այսքան երիտասարդ եւ այսքան Նատաշա։ Ցավում եմ, որ ասելիքը այսքանն էր, փաստարկները զրո էին, երբ Արցախի մասին խոսում ենք, թեման փոխում են ատելությամբ, իրենք ատելուց բացի ոչինչ չգիտեն»։