ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կարիքով տարբերություն չկա, թե որ կուսակցության ներկայացուցիչները ներդրումներ կանեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Աշտարակում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։

«Պետք է տարբերություն չդնել ՔՊ-ից է, «Լուսավոր Հայաստանից» է, ՀՅԴ–ից է կամ ԲՀԿ-ից, մեզ համար հավասար են, մրցակցային, ով կարա լավ անի, ես իրա ցավը տանեմ, ես կողմնակից եմ ցանկացած քաղաքական ուժ, ով կարա իրականացնի այդ ծրագրերը, աշխատանքը, որ ժողովրդի վիճակը լավ լինի, ես նրա կողմնակից եմ։ Ես ոչ թե էսօր անձնական պաշտոնի կարիք ունեմ, այլ կարիք ունեմ, որ իմ ժողովուրդը իրեն լավ զգա։ Կարեւորը գումարի մեջ չէ, կարեւորը մթնոլորտն է, ժողովրդի փայլը, ժպիտը, այն երկիրը որը երջանիկ է,ժողովրդի վիճակն է։ Էսօր ասելով չի՝ տնտեսական   աճ ունենք, տնտեսական աճը ժողովրդի առօրյան է, հագուկապը։ Մարդկանց պարտքացուցակն է, վարկերն է, դրանք մենք պետք է կարգավորենք։ Իսկ կարգավորել հնարավոր է, անհնարին բան չկա»,- ասաց նա։

Ծառուկյանի խոսքով՝ այսօր առաջնային խնդիրը բանկային խնդիրներ են, բանկերի տոկոսներ են․ «Ամբողջ ազգը բանկի տոկոսների տակ է։ 565 000 ընտանիք կա, մեկ մլն վարկառու: Այս խնդիրը պետք է կարգավորել, ժողովուրդը գոյատևում է, չի ապրում, առողջացման ծրագիր է պետք, որ մարդիկ զգան, որ տեսնեն կա ուշադրություն, կա հնարավորություն: Բանկային համակարգը լոմբարդային համակարգ է, բանկին դիմում են, ոչ թե բարեկեցիկ ապրելու համար, այլ որովհետև ճար չունեն, գիտեն, որ եղածը կորցնելու են, բայց դիմում են փրկելու երեխային, ծնողին, առողջության համար»,- ասաց նա:

Ծառուկյանի խոսքով՝ երկրորդ խնդիրը ներդրումների ներգրավումն է:

«Ոչ թե պետք է ներդրումների համար խնդրենք, որ գան, այլ պայմաններն այնպես լինեն, որ գան ներդրումներ անեն, պետք է ծրագրեր կազմենք, 100 000 դրամից, մինչև 20 մլն դոլար ներդրումների համար, տարբեր մարզերում, քաղաքներում, որ ինչ ունենք, ժողովուրդը ինչ փորձ ունի, ինչով է աշխատել»,–ասաց նա։