Չեմ հիասթափվի, եթե շատ թվով ձայներ չհավաքենք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Աշտարակում նախընտրական քարոզարշավից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե կանխատեումներ կան, որ ԲՀԿ-ն 10 տոկոսից էլ քիչ է հավաքելու ձայն։
«Ինչի՞ համար հիասթափություն ապրեմ, այսինքն էդքան եմ կարողացել, ժողովուրդը կամ ինձ չի հավատացել, կամ չի վստահում, կգա ժամանակը՝ ինձ թվում է, կվստահի, կհավատա։ Եթե չի վստահում, ում վստահում է, թող նրանք անեն։ Դա շահադիտական նպատակով չէ, ձեր ցավը տանեմ, ես դա կյանքով, գործով եմ ապացուցել»,-ասաց նա։
Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ ինքը քվե չի խնդրելու ժողովրդից։
«Մեր ժողովուրդն այսօր մեծ սպասելիք ունի, որ իր դարդուցավի մասին մտածող կա, քայլ անող կա եւ բոլորն էլ գիտեն, որ Ծառուկյանը ինչ-որ ասեց, իր ասածն իրականություն է դարձնելու։ Չի կարող պատահել ես բան ասեմ, դա չանեն։ Էսօր մեր ժողովուրդը կարիք ունի ուշադրության, կարիք ունի հնարավորության, իրենց մասին մտածելու, իսկ պարոն Ծառուկյանը այդ բոլորը գիտի՝ սկսած գյուղատնտեսությունից, առողջապահությունից, կրթությունից, արտադրությունից։ Իմ ինչնա՞ պակաս, որ խնդրեմ, ես ներկայացնում եմ՝ ինչ կարող եմ անել, իրենք ինձ ինչքան կվտահեն, այնքանով ես պատրաստ եմ, չեն վստահի, էլի ես պարտավոր եմ անելու, որովհետեւ իմ մեջ դա կա, ես սիրում եմ իմ ժողովրդին»,-ասաց Ծառուկյանը։
Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Ընտրություններին մասնակցում է 11 կուսակցություն եւ կուսակցությունների դաշինք։ Այսօր նախընտրական քարոզարշավի 6-րդ օրն է։











