Հայաստանի հանրապետական կուսակցության Սյունիքում առաջադրված ռեյտինգային թեկնածու Մենուա Հարությունյանը իր նախընտրական քարոզարշավը ձիով է անցկացնում Կապան քաղաքում։

«Հիմա ես գտնվում եմ Կապանում՝ Դավիթ Բեկի արձանի մոտ եւ ճիշտն ասած ես էլ ինձ հետ ձի բերեցի, որ Դավիթ Բեկի նման ձձիով շրջեմ քաղաքում։ Կարծում եմ մենք պետք է Բեկից հետ չմնանք եւ այդ ավանդույթները պահպանենք»,- իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Մենուա Հարությունյանը։

Նա նշեց, որ ինքն առաջարկ ունի, որ Հայաստանի բուհերը տեղափոխեն Կապան, որպես հեռանկարային զարգացման ծրագիր։

«Կապանի քաղաքային իշխանություններին ուզում եմ առաջարկեմ, որ Կապանում լինի ոստիկանների ձիերով շրջելու ավանդույթ, դա բավական գեղեցիկ կլինի։ Դրա համար ես էս ձիուն բերել եմ Կապանի կենտրոն եւ կառաջարկեմ, որ  այն դառնա Կապանի կոլորիտի մի մասնիկը»,-ասաց նա։

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Ընտրություններին մասնակցում է 11 կուսակցություն եւ կուսակցությունների դաշինք։ Այսօր նախընտրական քարոզարշավի 6-րդ օրն է։