Այսօր գլխավոր դատախազը միջնորդություն է ուղարկել ԱԺ, որպեսզի ԱԺ օրակարգում ընդգրկվի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ քրգործ հարուցելու եւ նրան որպես մեղադրյալ ներգրավելու հարցը: Այս մասին Արարատ քաղաքում քարոզարշավի ընթացքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, Արամ Հարությունյանը Բնապահպանության նախկին նախարարն է եւ նա կասկածվում է 14 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ. «Սա հերթական ապացույց է այն բանի, որ կոռուպցիայի դեմ պայքարում լինելու ենք հետեւողական: Այս օրինակով ուզում եմ ցույց տալ, թե ինչու են կոռուպցիայի հետ կապված գործերը երկար տեւում: Այս գործի վերաբերյալ քաղաքացին հայտարարություն տվել է 4-5 ամիս առաջ: Քանի որ այդ գործողությունները կատարվել էին օտարերկրյա բանկի միջոցով, քրգործի քննություն պատշաճ ձեւով չէր կարող շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ այլ պետություններից մեկից պատասխան չէր ստացվել մեր քննչական մարմինների ուղարկված հարցմանը: Այդ պատասխանի ստացումը տեւեց 4-5 ամիս:

Ընդ որում, այդ բոլոր տվյալները, որ անհրաժեշտ էին քրգործի վերաբերյալ, քննչական մարմինները ոչ պաշտոնապես հայթայթել էին եւ ունեին: Այսինքն գիտեին, թե ինչ պատասխան է գալու, բայց քանի դեռ պատասխանը պաշտոնական չէ, այդ տեղեկությունը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա նկատեց, որ արդեն մտավախություններ են հնչում, որ Արամ Հարությունյանի դեպքում վաղը կամ մյուս օրը, երբ քննարկելու լինեն այդ հարցը, ԱԺ-ում քվորում չի լինի. «Կարող է լինել նման բան, որովհետեւ ԱԺ մեծամասնությունը Արամ Հարությունյանի խմբակցության ներկայացուցիչներ են եւ ՀՀԿ-ականները կարող են բոյկոտել, չներկայանալ նիստին, քվորում չապահովել կամ չքվեարկել Արամ Հարությունյանին կալանավորելու հարցին: Ես հույս ունեմ, որ ԱԺ բոլոր պատգամավորները կներկայանան, կգրանցվեն եւ չեն խոչընդոտի կոռուպցիայի դեմ պայքարին ու արդար քննությանը: Եթե այդպիսի բան տեղի ունենա, արդեն հաջորդ ԱԺ-ն այդ հարցին կանդրադառնա»,-ընդգծեց նա:

«Էդ նախկին նախարարը, որ 14 մլն դոլարի կաշառք է վերցրել, դրել է գրպանն ու ազատ պտտվե՞լ: Արդյոք այդ կաշառքներն ավելի վերեւ հոսել են, թե ոչ: Սրա պատասխանը կտա նախաքննությունը»,-հայտարարեց Փաշինյանը: