ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտանը քվեարկության էր եկել ավագ որդու հետ։ Նախքան քաղաքացիական պարտքը կատարելը, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց NEWS.am-ի հարցերին։ Արմեն Աշոտյանը քվեարկեց Երեւանի Էրեբունի համայնքի թիվ 10/33 ընտրատեղամասում։

«Ընտրության եմ եկել շատ աշխատանքային տրամադրությամբ, միաժամանակ մտահոգ եւ լավատես։ Այսօր ընտրելու եմ հանուն մեր երեխաների ապագայի, հանուն ավելի բաց ու ժողովրդավար, ազգային, քրիստոնյա եւ ապահով Հայաստանի։ Նաեւ ընտրելու եմ հանուն այն Հայաստանի, որը, նույնիսկ ամենաէյֆորիկ վիճակում չի կորցրել մտածելու կարողությունը»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։ Հարցին՝ մտահոգ է՞, Արմեն Աշոտյանը նշեց․«Միշտ եմ մտահոգ, քանի որ մտածող մարդը չի կարող մտահոգ չլինել»։

Արդեն ընտրական տեղամասում, Արմեն Աշոտյանը նախ լրագրողներին կատակով նկատողոթյուն արեց որպես թեկնածու իրեն հարցեր չուղղելու համար, ապա ինքն անձամբ նկատողություն ստացավ՝ որդու հետ քվեախցիկ մտնելու համար։

Քվեարկությունից հետո Արմեն Աշոտյանը դժգոհեց ընտրական տեղամասի փոքր եւ անհարմար լինելուց, ապա դժգոհեց իրեն որդու հետ քվեախցում գտնվելու համար նկատողություն ստանալուց։

«Այսօր քարոզչություն եւ հակաքարոզչություն չեմ անի, բայց ընտրական տեղամասը շատ անհարմար էր եւ նեղ։ Իմ երեխուն նկատողություն արեցին, թե ինչու հետս մտավ քվեախցիկ, բայց, կներեք, անտեղ ցանկացած անկունից երեւում էր, ինչպես են քվեարկում։  Վատ է, որ այսպիսի ընտրատեղամասեր կան։ Ընտրություններից հետո կուզեմ տեսնել խելացի եւ ուժեղ Հայաստան, որտեղ չլինի յուրայինների եւ ախոյանների բաժանում»,-ասաց Աշոտյանը:

Նա նշեց, որ առավոտից շտաբում կան ահազանգեր բացման (տեղամասերի-խմբ) հետ կապված, ոչ բոլորն են ժամանակին բացվել, բայց դրանք տեխնիկական են, բայց քաղաքական ոչ մի ահազանգ այս պահին չունեմ. «Այս պահին դեռեւս շտաբ չեմ գնա, առիթից օգտվում եմ եւ մտեմ ծնողներիս տեսակցության։ Համբերենք ընտրությունների արդյունքներին»,- նշեց Արմեն Աշոտյանը։