Հարցումների արդյունքները հաճախ չեն համընկնում ընտրությունների վերջնական ցուցանիշներին, մասնավորեպես՝ ՀՅԴ վերաբերյալ: Այս մասին դեկտեմբերի 9-ին քվեարկությունից հետո ասաց Արմեն Ռուստամյանը, որը գլխավորում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀՅԴ նախընտարական ցուցակը:
Նրա խոսքով՝ հասարակության շրջանում տրամադրությունը չի համապատասխանում հարցումների տրամաբանությանը: «Դրանցում ուղղակի ծիծաղելի թվեր են ներկայացված»,- կարծում է Ռուստամյանը՝ մեկնաբանելով սոցհարցումների արդյունքները:
Նշենք, որ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության անցկացրած սոցհարցման արդյունքները ցույց են տվել, որ Դաշնակցության օգտին իր ձայնը պատրաստ է տալ ընտրողների միայն 1,2 տոկոսը:
Հիշեցնենք, որ Հայաստանում դեկտեմբերի 9-ին ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Խորհրդարանում մանդատ ստանալու համար պայքարում են 2 դաշինք եւ 9 կուսակցություն:











