ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի այրին պնդում է, որ ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալները չպետք է համաներվեն:
«Ի՞նչ համաներման մասին ա խոսքը, էդ թեման փակեք, ամոթ ա: Մենք չենք ընդունում, որ իրենց պետք է համաներեն, կոնկրետ ես դեմ եմ: Իրենց բանտերից բաց թողնելը ծիծաղելի ա, մենք չգիտենք դեռ ինչ է կատարվում, ո՞նց կարելի էր իրենից բանտերից բաց թողնել, իրենք պետք է հետ գնան բանտերում փտեն, իրենց կանայք իրենց պետք է ճաղերի հետեւից տեսնենգոնե մեզ մխիթարանք լինի, որ մենք 2,5 տարի ա այսպես մղկտում ենք»,- լրագրողների հետ ցրույցում հայտարարեց Արփինե Թումասյանը:
Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության՝ խորհրդարան չանցնելուն, Արփինե Թումասյանն ասաց. «Ես առավոտ շուտ մոմ եմ վառել, որ իրենք չանցնեն, ո՞ր մի խելացի հայն իրանց ձայն կտար»։
Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանը սպանվել է ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ հուլիսի 30-ին՝ ՊՊԾ գնդի տարածքից դուրս՝ մեքենայի մեջ: Ըստ մեղադրական եզրակացության՝ Յուրի Տեփանոսյանի սպանությունը կատարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը` պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի աշխատասենյակից հափշտակած «ՍԿՍ» տեսակի ակոսափող որսորդական հրազենով, մի քանի հարյուր մետր հեռավորությունից:











