Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել Վելիսցիխայում (Կախեթի շրջան) դեկտեմբերի 16-ին իրականացված բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ մահափորձի փաստով, փոխանցում է «Sputnik Գրուզիան»։
Կիրակի օրը ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ» միավորումը, որը նախատեսել էր բողոքի ակցիա իրականացնել Թելավիում երկրի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը զուգահեռ, չի ենթարկվել ոստիկանության հորդորներին գնալ շրջանցող ճանապարհով, եւ ճեղքել են ոստիկանության ավտոշարասյունը։ Մի քանի մարդ, այդ թվում՝ ոստիկաններ են տուժել հրմշտոցի հետեւանքով։
Գերատեսչության տվյալներով՝ քննություն է տարվում «Դիմակայություն, հասարակական կարգը պահպանող անձանց կամ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքի կամ բռնության գործադրում» հոդվածով, որը պատժվում է տուգանքով կամ 6 ամսից մինչեւ 2 տարի տնային կալանքով կամ 2-5 տարի ազատազրկմամբ։











