ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու լեզուների ուսուցման կենտրոնից առերեւույթ գողություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2018թ. նոյեմբերի 6-ի ժամը 22:00-ից մինչեւ նոյեմբերի 7-ի ժամը 09:30-ն ընկած ժամանակահատվածում առերեւույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երեւան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գործող լեզուների ուսուցման կենտրոնի պատուհանը, ապօրինի մուտք գործել եւ առերեւույթ հափշտակել հեծանիվ, դյուրակիր համակարգիչ եւ էլեկտրական սղոց՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի հարակից տարածքներում առկա անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:











