Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 20-ի որոշմամբ 37,2 մլն դրամ հատկացրեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ին-ին՝ անտառապահների համար հագուստ ու կոշիկ գնելու համար:
Հարցը ներկայացրեց Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը:
Նա նշեց, որ այս որոշմամբ Անտառային կոմիտեին տրամադրված գումարների տնտեսման հաշվին՝ 37,2 մլն դրամի չափով գումար փոխանցվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին:
««Հայանտառ» ՊՈԱԿ-ը 342 հա տարածքներ է կառավարում, 19 անտառտնտեսությունների միջոցով, որն իրականացնում են 642 աշխատակիցներ: Այս փոփոխությամբ նախատեսում ենք, որ առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ որոշակի հագուստ ու կոշիկ կտրամադրվի անտառապահներին»:
Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս տարի Անտառային կոմիտեն 542 մլն դրամի գումար վերադարձնում է պետական բյուջե, քանի որ նախատեսված անտառկառավարման պլանները չեն ունեցել քարտեզագրման ամբողջությունը, որը հնարավորություն կտար անտառների կառավարումը պլանավորել, ուստի այդ գումարները չեն ծախսվել:
«Մասնավորապես, Հայաստանի անտառային ֆոնդը ընդհանրապես կադաստրային գրանցում չունի: Սա է խնդիրներից մեկը, որ մեր անտառային տարածքների որոշակի մասը տեղափոխվել է այլ հողերի կատեգորիաներ եւ հետագայում սեփականաշնորհվել է: Հաջորդ տարի անտառկառավարման այդ պլանները կմշակվեն, եւ կհաստատվեն արտաքին սահմանները»:
Նշվեց նաեւ, որ անտառապահները կունենան հաստատված համազգեստ ու տարբերանշաններ:
Այս առնչությամբ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց. «Որքան ես հասկացել էի, խոսքը պարզապես աշխատանքային արտահագուստի մասին է, ոչ թե համազգեստի՝ վաշտերով, գնդերով, հրամանատարներով: Եթե այս ճանապարհով պետք է գնանք, առաջարկում եմ կանգ առնել: Ոչ թե այնպիսի իրավական տեսք տրվի, որ պարզվի անտառային ծառայության գնդապետ է լինելու»:
«Միանգամից գեներալ ասեիք»,-հումորով արձագանքեց Նիկոլ Փաշինյանը: Ջանջուղազյանն էլ ասաց. «Երեւակայությունս այդքան հերիքեց»:
Քանի որ մթնոլորտը հումորային էր ԱԻՆ նախարարի պաշտոնակատար ֆելիքս Ցոլակյանն էլ ժպիտով հավելեց. «Հիմա ամբողջ խնդիրն այն է, որ ուզում է փողը պահի, հետ չտա»:











