Ներկայիս իշխանությունները եւ քաղաքական կամք եւ մասնագիտական որակներ չունեն գյուղատնտեսության ոլորտի խնդիրների լուծման համար: Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆերմեր Տիգրան Եղոյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:
Նրա խոսքով, փաստացի փոխվել են միայն դեմքերը, իսկ գյուղատնտեսության ոլորտի մոտեցումները եւ քաղաքականությունը նույնն են մնացել, ինչպես եւ նախկին իշխանությունների մոտ:
«Պատրաստ եմ Գյուղատնտեսության եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություններից ցանկացած ներկայացուցչի բավաեճի հրավիրել եւ ապացուցել, որ նրանք իրենց տեղերում չեն գտնվում», - ասաց նա:
Եղոյանը հավելեց, որ դեռեւս շարունակվում է փոքր ՀԷԿ-երի շինարարությունը, շարունակվում է կասկածելի որակի խոզի մսի ներկրումը:
«Փոքր ՀԷԿ-երի շինարարության դեմ հայտարարված պայքարը, որոնց համար փոխում են գետերի հունը, խոչընդոտելով գյուղատնտեսական արտադրանքի աճեցմանը, դատարկախոսություն ստացվեց:
Ներկայումս պատրաստվում է եւս 37 ՀԷԿ-ի կառուցում: Վայոց ձորում իրավիճակը հատկապես դժվար է: Բացի այդ, շարունակվում է կասկածելի որակի խոզի մսի ներմուծումը Հայաստան», - բողոքեց գյուղացին:
Նա հայտարարեց, որ այս պահից սկսում է ակտիվ քաղաքական պայքար ընդդեմ նոր իշխանությունների ապօրինի եւ ոչ իրավասու գործողությունների: «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ քաղաքական պայքար եմ սկսում իշխանությունների անօրինական գործողությունների դեմ: Որեւէ քաղաքական ուժի հետ չեմ միանալու: Ես ոչ մի քաղաքական պաշտոնի չեմ հավակնում», - եզրափակեց Տիգրան Եղոյանը:
Էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանն, իր հերթին, ասաց, որ ՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման խնդիրների լուծման համար անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական հիմք: «Հիդրոէլեկտրակայանների կառուցման համար տրված լիցենզիան չի կարգավորում արտադրված էներգիայի քանակը: Պետք է օրենսդրական բարեփոխումներ իրականացնել խնդրի լուծման համար», - նշեց նա: Արզումանյանը հավելեց, որ կառավարությանը ուղղված կոչերը մնացել են առանց արձագանքի:











