«Ֆլեշ մոտորս» ընկերության նախկին կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանը պնդում է, որ ընկերության Քանաքեռ բազայի պետ Հրայր Հովսեփյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել ընկերության նախագահ, «Ֆլեշի Բարսեղ» անունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի ցուցումով և նրա ներկայությամբ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ դեկտեմբերի 20–ին Արման Մկրտումյանը լրագրողների հետ զրույցում պատմեց դեպքի մանրամանսերը։
Նա նշեց, որ «Ֆլեշ մոտորս» ընկերության երկու մենեջեր ընկերությունից յուրացում են կատարել, որի համար այս պահին արդեն մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել: Յուրացման դեպքի մասին հայտնի դառնալուց հետո, ըստ Մկրտումյանի՝ իր նկատմամբ բռնություն է գործադրվել ընկերության կոնֆերանսների սրահում:
««Ֆլեշ մոտորս» ընկերության Քանաքեռ բազայի պետ Հրայր Հովսեփյանն իմ նկատմամբ բռնություն է գործադրել Բարսեղ Բեգլարյանի ցուցումով և նրա նեկայությամբ: Հրայր Հովսեփյանը հարվածել է իմ ուսերին, գցել է գետնին, և այլն, և այլն…չմանրամասնեմ»,- ասաց տուժողն ու նշեց, որ այդ բռնությունների հետևանքով է, որ գրավադրել է իր բնակարանը:
Նրա խոսքով՝ գումարը վերցնելուց հետո Բարսեղ Բեգլարյանն իր վերաբերյալ հաղորդում է տվել Քննչական կոմիտեում և 6-7 ամիս գործը քննելուց հետո որոշել է կայացվել իր՝ Մկրտումյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել հանցակազմի բացակայության հիմքով: Տուժողը նշեց, որ ընկերությունից յուրացում չի կատարել: Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են հենց իրեն պարտադրել, որ գրավադրի իր բնակարանը, Մկրտումյանը պատասխանեց՝ որովհետև ինքն է եղել յուրացման համար մեղադրված անձանց ղեկավարը: Տուժողը նշեց նաև, որ իր գործողությունները վարչական դատարանը գնահատել է որպես սովորական անզգուշություն և իր նկատմամբ վարչական տուգանք են նշանակել 280 հզ դրամի չափով, ինքը որոշումը բողոքարկել է, Վերաքննիչ դատարանը մերժել է իր բողոքն, ու եթե դատական ակտն օրինական ուժ ստանա, ապա կվճարի նշված գումարը: Հարցին՝ գործի քննության ընթացքում Բեգլարյանի կողմից ճնշումներ եղե՞լ են տուժողի նկատմամբ, արդյոք առաջարկե՞լ են ետ վերցնել բողոքը, Մկրտումյանը պատասխանեց, որ ճնշումներ չեն եղել, սակայն պատրաստակամություն են հայտնել գումարը փոխհատուցելու: Հարցին՝ անձամբ Բարսեղյա՞նն է առաջարկել, որպեսզի փոխհատուցի գումարը, Մկրտումյանը պատասխանեց, որ առաջարկը եղել է նրա փաստաբան Կրոմվել Գրիգորյանի միջոցով, սակայն ինքն այդ առաջարկը մերժել է: Մկրտումյանը հույս հայտնեց, որ արդար դատաքննություն կլինի ու դրա արդյունքում Բարսեղ Բեգլարյանը կդատապարտվի:
Նշենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատախազությունը փոխել էր անձնական երաշխավորությամբ։
Նշենք, որ ինքնիրավչությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելն է, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին։











