Լարված իրավիճակ է ստեղծվել Էջմիածին քաղաքում: Մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացնում՝ փակելով Երևան-Արմավիր ավտոճանապարհի էջմիածին քաղաքի մուտքի հատվածը: Նրանք բողոքում են գեներալ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դատարանի որոշման դեմ։
Հավաքված քաղաքացիները նշում են, որ Մանվել Գրիգորյանն իրավունք չունի լինել ազատության մեջ, եւ այս ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, մինչեւ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվի կրկին կալանքը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:











