Դեկտեմբերի 15-ին մի երիտասարդ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տվեց, որ իրեն օրեր առաջ առեւանգել են ու սպառնացել սպանել: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում զենքի սպառնալիքով առեւանգել են ոստիկանության գնդապետի եղբորորոդուն:

Պարզվեց, որ դեկտեմբերի 12-ին 4 անձինք առեւանգել էին մի քաղաքացու եւ զենքով ու դանակով սպառնացել էին, որ վերջինս հետ վերցնի ինչ-որ քրեական գործով իր տված ցուցմունքը:

Ըստ տեղեկությունների` երիտասարդին նստեցրել էին «Մերսեդես» մակնիշի մի մեքենա եւ տարել Քանաքեռ ՀԷԿ-ի հարակից տարածքում գտնվող ինչ-որ առանձնատուն: Այնտեղ են եղել նաեւ 8 հոգի, որոնք քաղաքացուն ծեծել են ու կոտրել բջջային հեռախոսը:

Հարուցվեց քրեական գործ` քրեական օրենսգրի 131-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մարդուն առեւանգելը:

Ոստիկաններն անմիջապես ճշտեցին կասկածյալների ինքնությունը ու գտնվելու վայրը:

Դեկտեմբերի 16-ին 4 կասկածյալներին հայտնաբերվեցին եւ անձին առեւանգելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին, ինչից հետո էլ ներկայացվեցին նախաքննական մարմնին:

Բերման ենթարկվածներն են՝ երեւանցիներ 1979 թվականին ծնված Սարգիս Մկրտչյանը, 1980 թվականին ծնված Կարեն Ջումայանը, 1983 թվականին ծնված Գոռ Հովհաննիսյանը եւ 1990 թվականին ծնված Արմեն Մկրտչյանը:

Նրանք ձերբակալված են:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է: