Չինաստանի Լունյան քաղաքում զանգվածային ճանապարհային պատահարի հետեւանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում մեկ ոստիկան, վրաերթը կատարել էր ուղերթային ավտոբուսն առեւանգած զինված տղամարդը: Վթարի հետեւանքները եւ կասկածյալի ձերբակալությունը տեսանկարահանվել է, փոխանցում է Vesti-ն: 

Պատահարը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին տեղական ժամանակով մոտ 15:20-ին: Նախնական տեղեկություններով՝ Longyan Bus Company ընկերությանը պատկանող ավտոբուսը գրավել էր դանակով զինված չարագործը: Սրահում ուղեւորներ չեն եղել, սակայն վարորդի ճակատագրի մասին ոչ մի տեղեկություն չի հաղորդվում:

Քաղաքի կենտրոնում տղամարդը գազի ոտնակը սեղմել է մինչեւ վերջ եւ բախվել համընթաց մարդատարին, այնուհետեւ՝ տաքսիին եւ երեք մոտոցիկլետի, որից հետո կանգնել է ճանապարհի մեջտեղում եւ ձեռքին դանակներ բռնած վազել է փողոց: Մի քանի րոպե հետո նրան ձերբակալել են իրավակարգի պահապանները, ինչին հետեւել են մի քանի հարյուր մարդիկ:

Դեպքի վայրի կադրերում մի քանի մարդիկ են երեւում, որոնք ընկած են երթեւեկելի մասում, եւ ավտոբուսի աստիճանների վրա արյան հետքերը: Վերջին տեղեկություններով՝ հարձակման զոհերը հինգն են, որոնց թվում է քաղաքացիական ոստիկանության աշխատակից, եւս 21 տուժողների հիվանդանոցներ են տեղափոխել:

Չարագործի դրդապատճառների մասին չի հաղորդվում: Որոշ տեղեկություններով՝ նա հոգեկան խանգարմամբ է տառապում: