Ոստիկանության Մալաթիայի բաժնի ոստիկանները բռնություն են կիրառել 3 անչափահաս երեխաների մայր Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նրա փաստաբան Սարգիս Խաչատրյանը։

Նա պատմեց, որ դեկտեմբերի 26–ին իրեն է դիմել Ռուզաննա Պողոսյանն ու հայտնել, որ իր տանը ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունների հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել։

«Ռուզաննա Պողոսյանը պատմել է, որ դատական գործընթաց ունի դատարանում եւ դրա շրջանակներում դատավարական կողմը դիմել է ոստիկանություն եւ վերջինիս օտարել են իր բնակարանից։ Ռուզաննա Պողոսյանն այդ վտարման ընթացքում ստացել է մարմնական վնասվածքներ եւ այժմ գտնվում է հիվանդանոցում, տուժել է նաեւ նրա երեխան։ Նշեմ, որ Պողոսյանը բնակվում է երեք անչափահաս երեխաների հետ, սոցիալապես անապահով է»,– ասաց փաստաբանը։

Փաստաբանի խոսքով, դեպքից երկու օր առաջ Ռուզաննա Պողոսյանը դիմել էր ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ խնդրել, որ ժամանակ տան՝ բնակարանից դուրս գալու համար, սակայն, ոստիկաններն ամեն դեպքում մտել են տուն, վտարել նրանց՝ Ռուզաննայի նկատմամբ բռնություն կիրառելով. «Այդ ոստիկաններն են եղել Մալաթիայի բաժնի մայոր Միհրան Սիրեկանյանը եւ ՀՕՊ տեսուչ Մանվելը, որի ազգանունն այս պահին չգիտեմ»։

Սարգիս Խաչատրյանը հայտնեց նաեւ, որ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, սակայն, առ այս պահը փորձաքննություն չի նշանակվել։ Փաստաբանը մտավախություն ունի, որ իրավապահներն չեն ցանկանում այս գործին ընթացք տալ