Մենք չունենք տոնածառ, չունենք գրքեր, չունենք կոշիկ, չունենք տուն..., բայց մենք հպարտ ենք, որ չունենք նման հայր, ով փող է աշխատում՝ երեխաներին դուրս շպրտելով․ բաց նամակում գրել են Ռուզաննա Պողոսյանի երեխաները՝ շնորհավորելով իրենց վտարած ոստիկան Միհրան Սիրեկանյանի, կապիտան Մանվելի և փաստաբան Միքայել Ավագյանի երեխաներին տոների առիթով․

«Մենք երեխաներով, մեր բնակարանից դուրս շպրտված` ձեր հայրերի կողմից ուզում ենք շնորհավորել ձեր Նոր տարին։ Մեզ դուրս շպրտելուց առաջ ոստիկան Միհրան Սիրեկանյանն ասաց, որ մեր ընտանիքի նման տասը հազար ընտանիքներ է դուրս շպրտել առանց դժվարություններ ունենալու, և երևի մենք դարձանք տասը հազար մեկերորդը: Մենք խնդրեցինք ձեր հայրերին մինչև Նոր տարի թույլ տալ մնալ մեր տանը, մեր զարդարած տոնածառը վայելելու: Բայց ձեր հայրերն այնքան չար ձևով բարկացան, որ մենք հասկացանք, որ հեքիաթների չար հերոսները իրականում գոյություն ունեն։ Նրանք այնքան բարկացան, որ առանց շորեր վերցնելու, գրքերի, կոշիկի շպրտեցին դուրս։ Մենք չունենք տոնածառ, չունենք գրքեր, չունենք կոշիկ, չունենք տուն..., բայց մենք հպարտ ենք, որ չունենք նման հայր, ով փող է աշխատում՝ երեխաներին դուրս շպրտելով: Մենք ուզում ենք ցանկանալ գալիք տարվա ընթացքում, որ ձեր հայրերը ունենան այնպիսի աշխատանքներ, որը չի պահանջում երեխաներին դուրս շպրտելով փող ստանալ: Մենք շատ ենք սովորելու, լավ ենք սովորելու, որ դառնանք փաստաբան, ազնիվ փաստաբան, որ տասը հազար երկրորդ դուրս շպրտվող ընտանիք այլևս չլինի։

Շնորհավորում ենք բոլոր երեխաների Ամանորն ու Սուրբ ծնունդը։

Դուրս շպրտված, բայց հպա՛րտ երեխաներ»։

Հիշեցնենք, փաստաբան Սարգիս Խաչատրյանը ահազանգել էր, որ երեք անչափահաս երեխաների միայնակ մայր Ռուզաննա Պողոսյանը տնից վտարվելու ընթացքում ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունների հետեւանքով ստացել է մարմնական վնասվածքներ։