278 կգ քաշով թյունիկը Տոկիոյում այս տարվա առաջին աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 333,6 միլիոն իեն գնով (գրեթե 3,1 մլն դոլար), տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ճապոնիայում լայնորեն հայտնի «Սուսի Ձամայ» սուշիների ռեստորանային ցանցին։
«(Թյունիկի) առաջին սակարկություններն են Թոյոսու շուկայում։ Մենք ինքներս զարմացանք գնից՝ 333,6 միլիոն իեն։ Եվ շատ ուրախ ենք, որ կարողացանք գնել ամենալավ թյունիկը։ Յուրաքանչյուր այցելուի ընդամենը մեկ կերակրաբաժին կհասնի, բայց արդեն այսօր այն մեր ռեստորաններ կմտնի թյունիկի համար սովորական գնով»,- ասվում է ռեսոտրանային ցանցի հաղորդման մեջ։
Ամանորյա սակարկություններն առաջին էին նաեւ ձկան նոր՝ Թոյոսու շուկայի համար, որը բացվել է անցած տարվա հոկտեմբերին։ Ցայժմ ռեկորդային է համարվում այն թյունիկը, որը վաճառվել էր ձկան հին՝ Ցուկուձի շուկայում 2013 թվականին։ Ձկան քաշը 200 կգ էր, գինը՝ 155 միլիոն իեն (այդ ժամանակվա փոխարժեքով՝ մոտ 1,8 մլն դոլար)։
Թյունիկի ամանորյա առաջին սակարկությունները սովորաբար ուշագրավ են լինում, քանի որ դրանք ոչ պաշտոնապես համարվում են տնտեսության կացության ցուցիչ եւ կանխատեսում ողջ տարվա համար. որքան բարձր է ամենաթանկ թյունիկի գինը, այնքան ավելի հաջող կլինի տարին երկրի տնտեսության համար։











