ԲՀԿ-ի անունը Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապելը ավելորդ խոսակցություններ են։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով այն հարցին, որ ԲՀԿ-ի անունը կապում են Քոչարյանի անվան հետ։

«Չի կարելի մարդու անունը կապել, Քոչարյանի կալանքը քննչական մարմիններում է, կա այնտեղ դատավարություն։ Ցանկացած մարդ, ցանկացած քաղաքացի օրենքի առաջ հավասար է, որեւիցե մեկն արտոնություն չի ունենալու»,- ասաց Ծառուկյանը։

Հարցին, թե արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, Ծառուկյանն ասաց․ «Քննիչները, դատավորը ասե՞լ են  քաղբանտարկյալ է, թույլ տվեք դատավարությունը  կատարվի, տեսնենք քաղբանտարկյալ ա, , մեղավոր է, մեղավոր չի արդարացնում են, համբերեք, ամեն ինչ ընթացքի մեջ է»։

Լրագրողի հարցին, թե Ծառուկյանը իր բիզնեսների համար ինչով է պարտական Քոչարյանին, Ծառուկյանն ասաց, որ իր բիզնեսների համար ինքը պարտական է միայն իր պետությանը, ազգին, ժողովրդին, ուրիշ ոչ մեկին պարտական չէ։