Վենեսուելայի եւ Հայաստանի իրադարձությունների միջեւ ոչ մի ասոցացիա չկա եւ չի կարող լինել: Մոսկվայում՝ ԵՏՄ նիստից հետո, ճեպազրույցում այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ իրավիճակների միջեւ տարբերությունը նախ եւ առաջ այն է, որ ի տարբերություն Վենեսուելայի Հայաստանում բախումներ եւ զոհեր չեն եղել:

Երկրորդ՝ Հայաստանում գործընթացը 100 տոկոսով համապատասխանում էր բոլոր իրավական ընթացակարգերին եւ երկրի Սահմանադրությանը:

«Վենեսուելայի դեպքում հասկանալի չէ, թե որքանով է այդ ամենը համապատասխանում այդ երկրի Սահմանադրությանը: Նախնական տպավորությամբ՝ այնպիսի զգացողություն է, որ այնտեղ ամեն ինչ չէ, որ Սահմանադրության համաձայն է կատարվում», -ասել է Փաշինյանը:

 «Հայաստանն այս կապակցությամբ դեռ հայտարարությամբ հանդես չի եկել, մենք հետեւում ենք իրավիճակին: Ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի Վենեսուելայի ժողովրդի համար», - ասել է նա: