Ամենակարեւոր առաջնահերթությունն արտաքին եւ ներքին առումով անվտանգության ապահովումն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդ որում ներքին անվտանգություն ասելով մենք չենք հասկացել երբեք ու երբեւէ չենք հասկանալու քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների սահմանափակում, ընդդիմության գործունեության սահմանափակում եւ այդպես շարունակ: Անվտանգություն ասելով նկատի ունենք իրավակարգը՝ բառիս բուն իմաստով, եւ կարծում եմ, որ վերջին 9 ամիսները ցույց են տվել, որ մեր կառավարությունն ամենեւին ոչ միայն հակված չէ, որպեսզի Հայաստանի զինված ուժերը, ոստիկանությունը, մյուս իրավապահ մարմինները ներքաշվեն քաղաքական գործընթացների մեջ եւ դառնան քաղաքական իրադարձությունների կողմ, այլ, հակառակը, կարողացել ենք ապահովել, որ նման բան տեղի չունենա, եւ սա ամենակարեւոր արձանագրումն է»,-հայտարարել է Փաշինյանը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, ոստիկանության առջեւ դրվող խնդիրը կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ. «Ոստիկանությունը պետք է լինի ուժեղ, պետք է գործի օրենքի տառին համապատասխան, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ ոստիկանության ծառայության միակ նպատակը իրենց իրավունքները, անվտանգությունը եւ ազատությունները ապահովելն է: Շատ կարեւորում եմ ոստիկանության ուժեղ լինելու հանգամանքը, բայց ուզում եմ ընդգծել, որ ուժեղ չի նշանակում բիրտ, ապօրինություններ, ամենաթողություն գործող, ուժեղ նշանակում է քաղաքացիների նկատմամբ հարգալից, օրենքի նկատմամբ խիստ եւ քաղաքացիների իրավունքների նկատմամբ հավասարակշռված վերաբերմունք ցույց տվող: