ՀՀ քաղաքացիների եւ ոստիկանության հարաբերությունները պետք է լինեն բարձր մակարդակի վրա, պետք է ունենանք փոխադարձ վստահության աճող դինամիկա, բայց մյուս կողմից որեւէ մեկը չպետք է մտածի, որեւէ մեկի մտքով չպետք է անցնի, թե ժողովրդավարությունը թուլություն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, ժողովրդավարությունը չի կարող լինել թուլություն, առավել եւս՝ այսօրվա Հայաստանում. «Սրանք շատ կարեւոր արձանագրումներ են, եւ հույս ունեմ, որ իրական կյանքում դրանց արտահայտումը շատ արագ կտեսնենք, ինչի արդյունքը կլինի ոստիկանության եւ հանրության փոխադարձ ըմբռնման, իրավակարգի, անվտանգության մակարդակի բարձրացումը, հանցավորության մակարդակի նվազումը, բացահայտումների բարձր եւ բարձրացող մակարդակը եւ դինամիկան»:
Վարչապետն ընդգծել է նաեւ՝ կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարը շարունակական է լինելու. «Ուզում եմ շատ հստակ արձանագրենք, որ կոռուպցիոն երեւույթների նկատմամբ լինելու է զրո հանդուրժողականություն: Հույս ունեմ, որ ոչ ոք չի մտածում, թե մենք կարող ենք այդ ցիկլի մեջ մտնել, որ մեկ, երկու, երեք ամիս հետո ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր: Ոչ մի բան ոչ մի տեղ չի վերադառնալու, մենք գնալու ենք առաջ»:











