Թե իչպիսին պետք է լինի կառավարության կառուցվածքը, վարչապետի ու կառավարության գործն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, ՀՀ նախագահի նստավայրում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Նույն գործը կարելի է անել 10 հոգով եւ կարելի է անել 20 հոգով, 10 նախարարությամբ եւ 20 նախարարությամբ: Վստահ եմ, որ մեր վարչապետը մտածում է, թե ինչպես անի, որ կառավարությունն ավելի էֆեկտիվ լինի: Եթե ինձնից խորհուրդ հարցնեն, ես իմ խորհուրդը կտամ:

Ես իմ փորձառությունն ունեմ, իմ պատկերացումներն ունեմ, բայց հստակ է, որ լուծումը միայն կառուցվածքային չի լինելու, այլեւ ըստ էության»,-հայտարարեց ԱՐմեն Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ պետք է գիտակցել, որ մեր բանակը վաղը, մյուս օրը կարիք է ունենալու ժամանակակից տեխնոլոգիաների, որոնք լինելու են շատ թանկ, հաճախ անհասանելի. «Բայց մենք հնարավորություն ունենք դրանց մի մեծ մասը ստեղծել: Բայց մի տեղից պետք է սկսես: Այստեղ չի աշխատելու դեպքը, որ «երբ մենք թատրոն ունեինք, դուք ուր էիք»: Պետք է նայենք այսօրվա աշխարհին, տեսնենք՝ ով ինչ ունի, սովորենք իրենցից: Համոզենք, բերենք, համատեղ աշխատենք: Դա հնարավոր է»,-ընդգծեց ՀՀ նախագահը:

Դիտարկմանը, թե գերտերությունները թույլ կտա՞ն մեզ ժամանակակից զենք արտադրել, Արմեն Սարգսյանն ասաց. «Այդպես չէ, որ գերտերությունները խնդիր են դրել, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաներ չարտադրի: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ գերտերությունները մեզնից հաճույքով կգնեն, ոչ թե կարգելեն»: