Ապրիլյան պատերազմը պայմանավորվածություն էր, եւ հիմա մեկը մյուսի վրա է բարդում մեղավորությունը։ Նման կարծիք  NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց  Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը` Համեստ Ներսիսյանը՝ անդրադառնալով Ապրիլյան պատերազմի շուրջ վերջին շրջանում մեծ թափ ստացած քննարկումներին։

«Այդ ժամանակ շատ լավ տեղյակ էին, թե ինչ էր կատարվելու , բայց Արմենակի նման հզոր տղան նահանջի հրաման չկատարելով կանգնեց իր ժողովրդի եւ իր հողի թիկունքին։  Հիմա  էլ ինչ են մեկը մյուսին մեղադրում»,–ասաց հերոսի մայրը։

Անդրադառնալով Արցախի հարցի շուրջ տարվող բանակցություններին եւ դրանց շուրջ հանրության արձագանքին, տիկին Համեստն ասաց.

«Մենք հող չունենք տալու. էսքան զոհվածի ծնողները կան, էլ ո՞վ կուզենա իր զոհվածի տեղը տա թշնամուն , չկա նման բան, ժողովուրդը դա չի անի։ Պետք է լռեցնենք իրենց հրանոթները, պետք է հակառակորդին խաղաղություն  պարտադրենք։ Վերջին շրջանում քննարկվում է, որ հողեր կհանձնեն եւ այլն, ես չեմ հավատում , դա ժողովրդի կամքն է, ժողովուրդը դա չի անի , այսինքնհավի ձագի նման վզերը մորթեն  գցեն, ու տա՞ն հողերը, կամ ինչու՞ պետք է տան... Ես չեմ հավատում, նման բան չի լինի, չի կարող եւ վերջ. Հայաստանը մերն է եւ վերջ»։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակի օրվան նվիրված իր շնորհավորական ուղերձում հայտարարել էր, որ տարբեր վերլուծաբաններ, որոնք բացասական գնահատականներ են տալիս Ապրիլյան պատերազմի վերաբերյալ,  տեղեկատվական տեռորի են ենթարկում սեփական բանակը։ Ըստ նրա՝ Ապրիլյան պատերազմի շուրջ ապատեղեկատվությունն ուղղված է բանակի վարկաբեկմանը եւ նպատակ ունի՝ կոտրել ժողովրդի հավատը սեփական բանակի մարտունակության նկատմամբ, խուճապի մատնել հասարակությանը, որ նա անպաշտպան է, անզեն եւ անզոր է պայքարել իր հողի ու հայրենիքի համար։