Բանակը ոչ միայն երկրի անվտանգության ու խաղաղության երաշխավորն է, այլեւ երկրի տնտեսության անբաժանելի մասը: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, Բանակի օրվա առթիվ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, ընդգծել է. «Ընդ որում, նա ոչ միայն սպառող, այլեւ ստեղծող, իր հետեւից տանող կառույց է: Բանակն արդյունաբերության ու գիտության համար թե՛ պատվիրատու է, թե՛ նրանց առաջընթացի մասնակից:
Ռազմարդյունաբերության ու գիտահետազոտական ոլորտի համար բանակն առաջադրում է խնդիրներ` ակնկալելով ժամանակակից ու նորարարական, նաեւ, հաճախ անսպասելի որոշումներ, որոնք պարտադիր չէ, որ լինեն արտատպումը կամ կրկնօրինակումն օտար լուծումների: Մենք ի վիճակի ենք խնդիրներին տալ մեր սեփական լուծումները: Ռազմաարդյունաբերական շատ խնդիրների լուծումներ ժամանակի ընթացքում կիրառվում են քաղաքացիական կյանքում: Հետեւաբար, բանակը խնդիր ունի մասնակցել ոչ միայն պաշտպանությանը, այլեւ երկրի տնտեսության զարգացմանը՝ սերտորեն համագործակցելով եւ՛ գիտական մարմինների, եւ՛ գործարար շրջանակների, եւ՛ բոլոր այն քաղաքացիների հետ, ովքեր ցանկություն ունեն իրենց ներդրումը բերել:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Բանակի ու զինվորի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը մեր նկարագրի անբաժանելի մասն է: Բոլոր ժամանակներում այդ վերաբերմունքը դրսեւորվել է առանձնահատուկ բարյացակամությամբ, սրտացավությամբ, հոգատարությամբ եւ սիրով:
Ինձ համար այսօր կրկնակի հաճելի է այս գեղեցիկ օրը՝ Հայրենիքի պաշտպանի օրը ձեզ հետ խոսել մի նախաձեռնության մասին. Հանրապետության նախագահի ինստիտուտը, նախագահական կառույցը, համատեղ աշխատելով կառավարության, պաշտպանության նախարարության, նաեւ առողջապահության նախարարության հետ, առաջարկում է ծրագիր, որը կոչվում է «Հայրենիքի պաշտպան»:
Ծրագիրն ուղղված է օժանդակելու այն անձանց, ովքեր վտանգել են իրենց կյանքը ծառայության ընթացքում եւ դրա պատճառով հաշմանդամություն են ձեռք բերել: Այդպիսի անձանց, հայրենասեր զավակների թիվը, ցավոք սրտի, քիչ չէ: Եվ իհարկե, այդ անձինք լիիրավ իրավունք ունեն ոչ միայն հարգվելու, սիրվելու, այլեւ՝ շարունակելու մասնակից դառնալ մեր հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքին: Հետեւաբար, «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնությունը նպատակ ունի օժանդակել զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամության կարգ ստացած զինծառայողներին, գտնել նրանց համար աշխատանք: Այսինքն, նախաձեռնությունը պետք է կապող օղակ լինի բանակում ծառայած, հաշմանդամություն ստացած անհատների, բանակի եւ մյուս կողմից պետական, հասարակական, բարեգործական կառույցների, բիզնեսի հետ:
Որպես օրինակ, մենք բարոյական պարտականություն ենք ստանձնել առաջիկայում Հանրապետության նախագահի աշխատակազմում աշխատանքի ընդունել մեր պանծալի զինվորներից երկու-երեք հոգու, ովքեր հաշմանդամություն ունեն: Նրանք գուցե եւ ֆիզիկական դժվարություններ ունեն այսօր, բայց նրանցից յուրաքանչյուրը պայծառ անձնավորություն է եւ համապատասխան օգնության, կրթական ծրագրի միջոցով նրանք կարող են վերադառնալ լիարժեք կյանք, ոչ միայն թոշակ ստանալ, այլեւ իրենց ձեռքով լուծել իրենց առջեւ ծառացած խնդիրները՝ սկսած նյութականից մինչեւ անձնական կյանք:
Եվ այդ ծրագրից մեր առաջին ծիծեռնակը, բազեն, ում ընդունել ենք աշխատանքի, Գոռ Դարմանյանն է, որը պատերազմի մասնակից է, հերոս, հաշմանդամ, ով այսօր աշխատում է Հանրապետության նախագահի աշխատակազմում:
Հույս ունեմ, որ այս օրինակն ու կոչը կոգեւորի մեր բոլոր հայրենակիցներին՝ անկախ նրանից որտեղ են աշխատում՝ պետական ծառայության մեջ, թե մասնավոր, որպեսզի նրանք լիարժեք ներգրավվեն հասարակության մեջ:
Հարգելի՛ բարեկամներ,
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա առթիվ եւ մաղթում առողջություն, խաղաղություն եւ նոր հաղթանակներ:
Թող ձեր բոլորի ու մեր ողջ ժողովրդի յուրաքանչյուր առավոտ բացվի խաղաղությամբ:
Թող մեր Հայրենիքի համար յուրաքանչյուր օրը լինի ստեղծարար աշխատանքի օր:











