Ես չեմ բացառում, որ այս իշխանափոխության հիմքում ղարաբաղյան կարգավորման գործում նոր մոտեցումներն են:  Այս մասին, այսօր՝ հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, այն կապիտալը, որը Փաշինյանը ժառանգել էր նախորդ իշխանություններից՝ ամբողջը խայտառակորեն մսխել է։

«2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Նալբանդյանի, խորհրդարանի միջոցով Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում կոշտացել էր, եւ մենք հասանք Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի եւ Ժնեւի պայմանավորվածություններին, որտեղ հստակ նշվում էր, թե ինչ գործողություններ պետք է իրականացվեն, եւ հղում էր արվում ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Իսկ մենք դրա փոխարեն՝ ի՞նչ ստացանք, Նիկոլ Փաշինյանը սիրուն «ջրեց» Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունը՝ նշելով, թե Ադրբեջանն ասում է, որ նման բան չի եղել։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, իմ երկրի ղեկավարը փոխարենը հղում անի իր իշխանություններին նախորդ, Մինսկի խմբի համանախագահներին, հղում է անում Ալիեւին, այս ո՞ւր ենք հասել»,- նշեց Շարմազանովը։

Ինչ վերաբերում է Դուշանբեի հանդիպմանը, ապա, ըստ Էդուարդ Շարմազանովի, այնտեղ Նիկոլ Փաշինյանը վերելակում ընկել է Ալիեւի թակարդը։ «Ես չեմ ասում Փաշինյանը դավաճան է, չի ուզում, որ լավ լինի, բայց ուզելը քիչ է: Որ ուզելով լինի, մենք էլ կլինենա Հոկեյի աշխարհի չեմպիոն»:

Շարմազանովի խոսքով, Դուշանբեի հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը եւ արտգործնախարարը հայատարարել են, որ Արցախը չի կարող ունենալ ավելի բարձր կարգավիճակ, քան ինքնավարություն Ադրբեջանի կազմում, դրանից հետո էլ հայտարարել են, որ 2019 թվականը Արցախի հարցում պետք է լինի բեկումնային, որին ի պատասխան՝ հայկական կողմը ոչինչ չի ասում։

«Փաշինյանն ասում է՝ բանակցություն չկա, բայց Մամեդյարովը 4,5 ժամ բանակցում է Մնացականյանի հետ, իսկ Փաշինյանն էլ Դավուսում «հանկարծ» 1,5 ժամ ԱԼիեւի հետ է հանդիպում: Էդ ինչի՞ց են խոսում 1,5 ժամ: Կարող է, նույնիսկ Փաշինյանն էլ տեղյակ չի եղել, որ նման հանդիպում է լինելու: Ինձ մոտ այդպիսի տպավորություն է, որովհետեւ Փաշինայնը այնպիսի շփոթված տեսք ուներ, հեչ հպարտ ղեկավարի տեսք չուներ»,-հայտարարեց Շարմազանովը:

«Արտաքին քաղաքականությանը չի կարելի մատների արանքով նայել։ Կարծում եմ՝ Հայաստանում տեղի է ունեցել հեղաշրջում եւ 1998 թվականի Լեւոն Տեր-Պետրոսյանի խաղաղության թեզի կողմնակիցները Փաշինյանի դեմքով եկել են իշխանության։ Մենք խաղաղությանը դեմ չենք, խաղաղություն մուրալուն ենք դեմ։ Երբ մեր արտգործնախարարն ասում է, թե խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է, կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, որ խաղաղություն մուրալն է կատաստրոֆա»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ իրենք դեմ են «խաղաղություն տարածքների դիմաց» սկզբունքին: