9 մլն դրամի պարգեւատրում գոյություն չունի, սուտ են այդ տեղեկությունները: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նշենք, որ նրան հրավիրել էին խմբակցության նիստին՝ կապված ՊԵԿ աշխատակիցներին աստղաբաշխական պարգեւավճարներ տալու հետ:
«Մեր իրավաբանների հետ մենք քննարկում ենք, թե ինչպես անենք, որ հանրայնացնենք այն տեղեկատվությունը, որը հանրայնացնելու իրավական հնարավորություն չունենք:
Պատգամավորներն էլ ասացին, որ առաջիկայում պետք է օրենսդրություն փոխեն, որ հանրություն-պետական ծառայող կապն ավելի թափանցիկ լինի»,-ասաց նա:
Հարցին, թե շատ այլ գերատեսչություններում են պարգեւավճարներ տրվել, ինչու են հենց իրեն հրավիրել ԱԺ, Դավիթ Անանյանն արձագանքեց. «Որքանով ես եմ տեղյակ, բոլորի հետ հերթով աշխատանքային քննարկումներ են լինելու»:
Ինչ վերաբերում է իր հայտարարագրին, որտեղ նշված է, որ տարեկան աշխատավարձի եւ աշխատավարձին հավասարեցված միջոցների գումարը կազմել է շուրջ 23 մլն դրամ, Դավիթ Անանյանն ասաց. «23 մլն դրամ աշխատավարձից 4,8 մլն դրամը ֆինանսների նախարարությունից եմ ստացել՝ 4,5 ամսվա համար, 18,5 մլն ստացել եմ ՊԵԿ-ից՝ 7,5 ամսվա համար: Իմ պարգեւատրումների տարեկան գումարը 8 ամսվա համար ՊԵԿ-ից 14 մլն դրամ է»:











