Առավոտյան կառավարության դիմաց սկսված բողոքի ակցիան կեսօրից հետո շարունակվեց Երևանի քաղաքապետարանի դիմաց: Ցուցարարները NEWS.am-ին պատմեցին, որ բողոքի ակցիայի կին մասնակիցներից մեկի նկատմամբ քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը բռնություն է գործադրել:

Ըստ կնոջ, որը ներկայացավ որպես Լիզա Ճաղարյան,  իրենց արգելում են փողոցում վաճառք իրականացնել, սակայն ընտրողաբար՝ ոմանք նույնիսկ կարողանում են իրենց փողոցային առևտուրն ընդլայնել: «Երբ ես տվեցի էդ հասցեների անունները, ինքը հասավ, իմ բկից բռնեց, ասեց` կխեղդի»,- պատմեց նա:

Ցուցարարներից ոմանք ասացին, որ ականատես են եղել միջադեպին, և եթե տիկինը ոստիկանությանը հաղորդում ներկայացնելու որոշում կայացնի, իրենք վկայություն կտան: Ցուցարարները նշեցին նաև, որ միջադեպը, ամենայն հավանականությամբ, պետք է արձանագրված լինի քաղաքապետարանի մուտքը նկարահանող տեսախցիկներով: