Երեկ տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն, երբ խորհրդարանական մեծամասնությունը հրավիրեց ՊԵԿ նախագահին ու պարզաբանումներ ստացավ պարգեւավճարների հարցով: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս բողոքները, բացատրությունները, քննարկումը, սա լուրջ ճեղքում էր կառավարության գործունեության եւ պետական համակարգի թափանցիկության առումով: Կա խնդիր, որ արձանագրվել է, որը պետք է հասկանանք իր խորության մեջ եւ հասկանանք, թե ինչպես պետք է այդ խնդիրը լուծվի: Կառավարման համակարգը ունի մի առանձնահատկություն. Խնդիրները պետք է լուծել այնպես, որ հոնքը սարքելու փոխարեն աչքը չհանել»,-հայտարարեց Փաշինյանը:
Դիտարկմանը, որ պարգեւավճարների առումով ներկա իշխանություններն անգամ գերազանցեցին նախորդներին, Փաշինյանն արձագանքեց. «Ես չգիտեմ՝ նախկինում կա՞ր մարզպետ, որի համար իր 400 հազար աշխատավարձը կարեւոր էր, թե ոչ: Ես կարող եմ ասել, որ այսօր ՀՀ մարզպետների 90 եւ ավելի տոկոսի համար այդ աշխպատավարձը կարեւոր է»:
Ինչ վերաբերում է կոնկրետ ՊԵԿ-ում աստղաբաշխական պարգեւավճարներին, ՀՀ վարչապետը նշեց, որ իրենք խնդիրը ֆիքսել են եւ 2019 թվականի համար ՊԵԿ-ի պարգեւատրման ֆոնդը ուղիղ կիսով չափ կրճատվել է. «Փոխարենը մենք ամբողջ պետական կառավարման համակարգի բոլոր կառույցների համար 30 տոկոս պարեգատրման ֆոնդ ենք սահմանել: Ես հույս ունեմ, որ այս պրոցեսը մինչեւ վերջին անկյունը կբացվի, կիմանանք բոլորս՝ ով ինչքան երբ է ստացել: Մենք հանրայնորեն կունենանք քննարկում, թե ինչպես ենք վարվում էս իրավիճակի հետ:
Մենք ասում ենք՝ 120 հազար դրամ ստացող ոստիկանից պահանջները պետք է միայն ավելացնե՞նք, թե դրան զուգահեռ նաեւ վարձատրման չափ ավելացնենք: Երբ մենք մայիսին խոսում էինք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, մամուլը գրում էր, որ դա հերթական փուչիկն է, քանի որ առանց աշխատավարձերի բարձրացման դա հնարավոր չէ»,-հայտարարեց Փաշինյանը:











