«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը նախաձեռնում է նոր հեղափոխություն։ Այս մասին այսօր՝ հունվարի 31–ին, Զախարյանը հայտարարել է armlur.am–ի հետ զրույցում։
«Քանի որ այսօրվա գործող կառավարությունը, մեղմ ասած, թերանում է և շատ դանդաղ՝ կրիայի քայլերով ընթացող կառավարություն է, մենք համարում ենք, որ Հայաստանը իր լուրջ, տասնամյա հիմնախնդիրներով այս փուլով զարգանալու իրավունք չունի, և սա հետընթացի մի նոր սկիզբ կարող է լինել, և նոր արտագաղթի տեմպերի շարունակական հիմք։
Դրա համար այսօրվանից մեկնարկում է «Իմ ձայնը» քաղաքական–քաղաքացիական նախաձեռնությունը, որն ուղղված է այլընտրանքային կառավարություն ձևավորելուն և որպես վարչապետի այլընտրանքային թեկնածու՝ իմ անձը՝ Անի Զախարյան քաղաքական գործչի անձը, առաջադրելու և հասարակությանը ներկայացնելու»,– ասել է Անի Զախարյանը, որը կառավարության մոտ էր եկել իր երեք համակիրների հետ։
Զախարյանի խոսքով՝ նախաձեռնության շարքերում են հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչներ, ազգային գործիչներ։ «Անուններ առայժմ ես չեմ ուզում նշել, հանրությանը հայտնի են՝ տարբեր գիտնականներ, ազգային գործիչներ կան։ Սա սաղմնավորման փուլում գտնվող գործընթաց է, բայց նաև կամքով լցված, հետևողականությամբ։ Մեր մյուս բոլոր հայրենակիցների ճակատագիրը և իրենց երեխաների ճակատագիրը ինձ համար համահավասար հարթության վրա են։ Ես ցավում եմ այն օտար կնոջ երեխայի և օտար կնոջ ճակատագրի համար այնպես, ինչպես իմ ճակատագրի և իմ երեխայի ճակատագրի համար»,– ասաց նա։
«Իմ ձայնը» քաղաքական–քաղաքացիական նախաձեռնությունը նախատեսում է մյուս հինգշաբթի մեկնարկել իրազեկման երթեր՝ նախապատրաստվելով «ավելի լուրջ հավաքի»։ «Բազմամարդ հավաքներ, բազմամարդ հանրահավաքներ, ինստիտուցիոնալ գործընթացներ, կադրերի հավաքագրում, այլընտրանքային կառավարության ձևավորում, և ի վերջո, հաղթանակ. ոչ թե այստեղ (կառավարության դիմաց) կանգնած լինենք, եթե հարկ լինի, այլ՝ ընդեղ (կառավարության շենքը ցույց տալով) նստած լինենք։
Լրագրողի հարցին՝ արդյոք նախաձեռնում են հեղափոխություն, Զախարյանը արձագանքել է. «Իրական հեղափոխությունը Հայաստանում մեկ անուն է կրում՝ Անի Զախարյան։ Մնացածը իմիտացիա է, հեղափոխության չակերտներ են։ Ես կարծում եմ, պետք է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի հասկացած լինի՝ ով ունի այդ կամքը, հետևողականությունը, իրոք, նվիրվածությունը՝ իրական հեղափոխություն և իրական փոփոխություններ անելու։ Դա ժամանակը ցույց կտա. դա բառերով չեն ասում, դա գործով են ապացուցում, սիրելիներս»։











