Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա եւ նախ այցելել Քյոլն։ Այստեղ Փաշինյանը հանդիպել է գերմանական KfW բանկի տարածաշրջանային տնօրենի հետ, Քյոլնի քաղաքապետարանում նրան դիմավորել է քաղաքապետ Հենրիետե Ռեքերին, քննարկել են IT և մշակույթի ոլորտում համագործակցության զարգացման հարցեր։ Նիկոլ Փաշինյանը հրավիրված էր նաեւ Քյոլնի տեխնիկական համալսարան, որտեղ Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի հետ ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Օրվա վերջում Փաինյանը հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, նրանց հայտնել, որ վարչապետի աշխատակազմը կունենա Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան։

Շարմազանովը չի հավատում Փաշինյանին։ Երեկ վարչապետը հայտարարել էր, որ «տարածքներ խաղաղության դիմաց» թեզը չի կարող քննարկվել։ Շարմազանովը թվարկել է մի քանի պատճառ, թե ինչու է հնարավոր ճիշտ հակառակը։

Արցախի շուրջ խորը եւ թաքնված բանակցությունների ու պայմանավորվածությունների նշաններ է նկատել «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ Ըստ նրա՝ ստվերային գործընթաց կա, եւ Փաշինյանի վերելակային չպլանավորված հանիպումները իրականում պայմանավորված են եղել։

Հայաստանում նոր հեղափոխություն է հասունանում, որն ունի արդեն կարգախոս՝ «Իմ ձայնը», եւ անուն՝ շատ ավելի կարճ, քան նախորդ ՝ թավշյա, ոչ բռնի, սիրո հեղափոխությունը, այս մեկը, որ մերժում է Փաշինյանին, կոչվում է՝ Անի Զախարյան։ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավարը նոր հեղափոխություն է նախաձեռնել, քանի որ, ասաց, գործող կառավարությունը թերանում է և շատ դանդաղ՝ կրիայի քայլերով է ընթանում։

Կրթության եւ գիտության նախարարը քահանայի դպրոցից չի վռնդել․ այսօր Արայիկ Հանրությունյանը ներկայացրեց աղմուկ հանած պատմության իր տարբերակը․ Արարատի դպրոցներից մեկում տեսել է քահանայի, ասել է, որ դպրոցը աշխարհիկ կառույց է, ձեռքսեղումով ավարտել է զրույցը։ Քահանային հրավիրել էին դասղեկական ժամի, որը, ըստ նախարարի, հոգևոր քարոզի համար չէ։ Նա չի պատրաստվում ներողություն խնդրել քահանայից, ինքն է ներողության սպասում միջադեպը քննարկած ու դրան չառնչվող քահանաներից եւ արդեն դիմել է Էջմիածնի համապատասխան ատյան։

Մի քաղաքացի կառավարության շենքի առաջ պահանջում էր 10 միլիոն պարգեւավաճար։ Մի կոպեկ չզիջող ցուցարարը բացատրել է, թե ինչ է հանցավոր անգործությունը, եւ հիշել 17 անգամ ոչինչ չարած մարզպետարանի օրինակը։

Դոլարը փոքր-ինչ թանկացել է, կազմել է 486 դրամ, եվրոն եւս թանկացել է՝ 559 դրամ է, բրիտանական ֆունտը 638 դրամ է, ռուսական ռուբլին՝ 7 ու 47 դրամ:

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +7+9։