Կառավարության դիմաց այսօր` փետրվարի 4-ին, կրկին հավաքվել էին բացօթյա առևտրով զբաղվող առևտրականները։ Նրանք պահանջում էին հանդիպում վարչապետի հետ:
«Չեն թողնում հացի փող աշխատենք, դեղի փող չեն թողնում աշխատենք: Ես քառասուն տարի կանգնել եմ Պրոսպեկտի բազարում. էնտեղ ունեմ իմ քառասուն տարվա հաճախորդներին: Մեզ ասում են` պիտի բոլորը գնան շուկաները»,- ասաց ցուցարարներից մեկը:
Ցուցարարների խոսքով` Քաղաքապետարանից առաջարկել են նշել այն փողոցները, որտեղ կցանկանային ունենալ տաղավարներ, սակայն իրենց առաջակած բոլոր հասցեները Երևանի քաղաքապետարանի կողմից հավանություն չեն ստացել:
Ըստ ցուցարարներից մեկի` ինքը նախկինում աշխատել է «Փակ շուկայում», շուկայի նորոգման շրջանում հիվանդ է եղել, իսկ երբ վերադարձել է իր գործին, տեսել է, որ ամեն ինչ արդեն սեփականաշնորհված-ավարտված է. «Չգիտենք` ինչ անենք: Էն օրը ստեղից գնացի տուն, իմ հետևից էկավ գյուղապետը, թաղայինը, թե «եկել ենք, ստուգենք, տենանք` ինչ ձևի ա քո ապրելակերպը: Մարդասպանի հետևից չի գնում, իմ հետևից ա գալիս»:
Մեկ այլ ցուցարար նշեց, որ իր ուժերի սահմաններում այլ աշխատանք կկատարեր ավելի մեծ հաճույքով, սակայն դրա հնարավորությունն այսօր իրեն չի տրվում. «Ասում են` գնացեք, աշխատանք ճարեք, աշխատեք: Ես շատ կուզեի գնայի, ակուրատնի աշխատեի: Առավոտը գնայի, մինչև ժամը 4-ը, տուն գայի: Ու՞ր են մեր ֆաբրիկաները: Տվեք, գնանք, աշխատենք: Ես աշխատել եմ Ռելեի գործարանում, աշխատել եմ Կարի ֆաբրիկայում: Ու՞ր են: Իսկ համացանցում մեր միջին խավին ինչ ասես` ասում են: Մենք աղքատ խավ չենք, մենք միջին խավն ենք, իսկ մեզ է'լ «բոշա», է'լ եսիմինչ, ինչ ասես ասում են: Ինչի՞ եք մեզ տենց բաներ ասում բայց: Ծախել-լափել են մեր գործարանները: Թող տան, գնամ, «ոչ թե բոշա, այլ` փաշա», աշխատեմ: Ես 62 տարեկան եմ, երկրորդ կարգի հաշմանդամ, ես ուտել չե՞մ ուզում, ո՞նց ապրեմ: Կամ թող մեր գործարանները տան, կամ մի ուրիշ բան ստեղծեն, ես ուրիշ նոր բան չգիտեմ: Թող մեզ չանպատվեն: Մենք իրանցից` էդ անպատվողներից, բարձր ենք: Մենք առաջարկ ունենք: Թող բոլոր խանութներից միրգ-բանջարեղենը վերացնեն, գնանք շուկա: Գիտեք` հե՞շտ ա փողոցում: Մրսեցինք, հիվանդացանք, բայց երեխա մեծացրինք»:
Ցուցարարները խոսեցին նաև իրենց տրված խոստումների`անկատար մնալու մասին, Սամվել Ալեքսանյանը սկզբում իրենց տեղ է տվել, իսկ ինքը, ոնց խոստացել էր, միրգ-բանջարեղեն չի բերել, իսկ որոշ ժամանակ անց քիչ-քիչ իրենց տեղը փոքրացրել է, ինքը «բերել, պտուղ-բանջարեղենը լցրել»:
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ զրուցեց այդ պահին կառավարության շենք մտնող՝ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Նրան խնդիրը և լուծման տարբերակ ներկայացվեց: «Քաղաքում մի 1000-1500 հոգի մարդ են, որ փողոցային առևտրով զբաղվում են: Չկա՞ մեկը, որ մեզ հարկային դաշտ բերի, կուլտուրական աշխատենք: Օրվա խնդիր կա, ապրել ա պետք: Քաղաքապետարանին օրինական նամակ ենք ուղարկել, ամսի 26-ին ժամկետը լրանում էր, պատասխան չենք ստացել»,- ասացին:
«Ես հետամուտ կլինեմ, որ ձեր հարցին պատասխան գտնենք»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:
Ցուցարարները խնդրեցին, որ Կարապետյանը միջնորդի, որպեսզի քաղաքապետարանում նշեն, թե ինչ ժամկետում կկառուցեն տաղավարներ` իրենց տրամադրելու համար, իսկ մինչ այդ թույլ տան, իրենք զբաղվեն փողոցային առևտրով:
Վլադիմիր Կարապետյանը խնդրեց իրեն զանգահարել երեկոյան 18:00-ին:
.jpg)
.jpg)











