Հասարակության շրջանում շատ բամբասանքներ են քննարկվում Արցախի խնդրի շուրջ, նաեւ փորձագետների որոշակի քննարկումներ կան, որը փակ ընթացող պրոցեսի վերաբերյալ որոշ առումներով նաեւ նորմալ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Եթե տեղեկություն չունեն, տարբեր հայտարարություններից մի բան վերցնում են, սկսում են դա վերլուծել, ինչը նորմալ է»,-ասաց նա:
Մարուքյանը խոսեց նաեւ համակարտության շուրջ զարգացումների լուսաբանման խնդրին՝ նշելով. «Գրում են՝ Մամեդյարովը այսպես ասաց, ու դա սկսում են վերլուծել ու այդտեղ կարծես մոռացության տրվի, թե ինչ ասաց Մնացականյանը: Եթե դնում ենք հակառակորդ կողմի կարծիքը, պետք է դրա կողքին դնենք մեր կողմի կարծիքը»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ իրենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել են քաղաքական կոնսուլատացիաներ անցկացնել նաեւ Արցախի խնդրով, Մարուքյանն արձագանքեց. «Որեւէ արձագանք չի եղել վարչապետի կողմից, բնականաբար, մենք սպասում ենք այդ արձագանքին: Դա պետք չէ խառնել ԱԳ նախարարի հետ ֆորմատին: Նախարարը քաղաքական ուժ չի ներկայացնում, իսկ վարչապետը քաղաքական ուժի ղեկավարն է»:
Հարցին, թե ինքը գո՞հ է իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունից, Մարուքյանը պատասխանեց. «Դեռ շուտ է արտաքին քաղաքականության վերաբերյալ գոհ կամ դժգոհ լինելու վերաբերյալ հայտարարություն անելու համար, որովհետեւ արտաքին քաղաքականությունը հաշվում ենք դեկտեմբերի 9-ից սկսած: Դրանից առաջ Հայաստանը եղել է կրիզիս մենեջմենթի մեջ»:











