ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ հանդիպումը շատ լավ առիթ էր, որ մենք միասին քննարկենք հարցերը, որոնք վերաբերում են մեզ բոլորիս՝ ամբողջ հայությանը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղին մասին խոսեցինք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագորղների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խմբակցության անդամների հետ ԱԺ–ում հանդիպումից հետո։

«Խոսեցինք տարբեր հարցերի շուրջ, որովհետեւ սա ինձ համար շատ էական է որպես կառավարության անդամ աշխատել նոր ԱԺ–ի խմբակցությունների հետ։ Սա երկխոսություն է, որտեղ մենք համեմատում ենք մոտեցումները, գնահատականները, փորձում ենք մեզ մեր համար հասկանալ որտեղ ինչն է ճիշտ, ինչին պետք է առավել ուշադրություն դարձնել, նաեւ բացատրում ենք մեր արած»,–նշեց նա։ 

ԱԳ նախարարը շեշտեց՝ պատրաստ է նաև մյուս խմբակցությունների հետ հանդիպել. «Իհարկե, որեւէ մեկին չեմ պարտադրում, բայց համագործակցության այս մթնոլորտը շատ էական է»։

Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝  տեղեկացնելով, որ ՀՀ ԱԳ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը այսօր հրավիրվել է ԱԺ:

«Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաեւ մեր երկրի արտաքին քաղաքական այլ առաջնահերթությունների շուրջ քննարկման եւ մտքերի փոխանակմանհամար այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հրավիրել ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ հանդիպման։

Հանդիպման մասին որոշ պարզաբանումներ եւ տպավորություններ կփոխանցենք հանդիպման ավարտին»,- հայտնել է Էդմոն Մարուքյանը: