ԱՄՆ-ն շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմամբ: Փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղությամբ շահագրգռվածությունը կապված է իրանական խնդրի առկայության հետ: «Վաշինգթոնը շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում պատերազմով, քանի որ դա կթուլացնի հարեւանների ներուժը, որը կարող է օգտագործվել Իրանի դեմ: Դրանից բացի, Ադրբեջանը տարանցիկ երկիր է, որի տարածքով ԱՄՆ-ն կարող է ապահովել Աֆղանստանի հետ կապը»,- նշեց փորձագետը:

Սարգսյանի կարծիքով՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հեռախոսազանգերը Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին տարբեր նպատակներ ունեին: «Նիկոլ Փաշինյանին Ջոն Բոլթոնի զանգը կապված էր Հայաստանում իշխանափոխության ավարտի առիթով նրան շնորհավորելու ցանկության հետ: Ալիեւին զանգը կապված էր հաշվեկշիռը պահպանելու ձգտման հետ, այդ զանգն այլ նպատակ չի ունեցել»,- եզրափակեց փորձագետը: