Ռուս հեռուստալրագրող, «ՏԵՖԻ» մրցանակի դափնեկիր Ռոման Բաբայանը հայտարարել է Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, հաղորդում է «ՌԻԱ  Նովոստին»:

«Ես որոշում եմ ընդունել մասնակցել Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին: Առաջադրվելու  եմ Խորոշեւո-Մնեւնիկիում, Շչուկինոյում եւ Ֆիլեւի այգում՝ սա ինձ համար օտար շրջան չէ, այստեղ ապրում են իմ ընտանիքի անդամները եւ ինձ շատ հարազատ մարդիկ» - Youtube-ի իր ալիքում տեսաուղերձով ասել է Բաբայանը:

Ըստ լրագրողի՝ այս շրջանի խնդիրը խիտ կառուցապատումն է՝  բարձրահարկ շենքերի շինարարության համար շատ ծառեր են հատվում, իսկ աղմկոտ ավտոճանապարհները շենքերի մուտքերին շատ մոտ են կառուցվում:

«Այս իրավիճակը հարկավոր է շտապ փոխել եւ մենք կարող ենք այդ անել: Եթե մենք ցանկանում ենք լավ ապրել, ապա պետք է ինքներս աշխատանքին ներգրավվենք: Եկեք միասին աշխատենք եւ այդ ժամանակ ամեն ինչ կստացվի: Ապավինում եմ ձեր աջակցությանը», - նշել է Բաբայանը:

7-րդ գումարման քաղաքային խորհրդարանի ընտրությունները կանցկացվեն այս տարվա աշնանը: Մոսկվայի բյուջեից ընտրությունների անցկացման համար ավելի քան 600 մլն ռուբլի է հատկացվել: