Հայաստանը Ռուսաստանը համարում է իր ռազմավարական գործընկերը. սա Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է, ինչն արտացոլված է Հայաստանի կառավարության աշխատանքի հնգամյա պլանում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ հանդես գալով ռուս սենատորների առջեւ, տեղեկացնում է «Պառլամենտսկայա գազետա»-ն։

Հայաստանի խորհրդարանի նախագահի ելույթը Ռուսաստանի Դաշնային խորհրդի լիագումար նիստում պատմության մեջ առաջին անգամ էր։ Արարատ Մրզոյանը նշել է, որ մտադիր է շարունակել երկխոսությունը ռուս գործընկերների հետ, ամրապնդել եւ զարգացնել այն միջխորհրդարանական համագործակցության մակարդակով։

«Ուղղակի եւ անկեղծ, բարեկամական երկխոսությունը՝ ուղղված փոխադարձ վստահության ամրապնդմանը, ձեռք է բերում հատուկ արժեք այն հանգամանքների համատեքստում, երբ որոշ շրջանակների եւ երրորդ երկրների կողմից ձեռնարկվում են փորձեր՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ներկայացնելու կեղծ լույսով՝ թուլացնելով մեր ընդհանուր դիրքերը միջազգային ասպարեզում։ Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ նման փորձերը սկզից եւեթ դատապարտված են ձախողման. սեպ խրել մեր երկրների հարաբերություններում անհնար է, դրանք վեր են քաղաքական կոնյունկտուրայից»,- ասել է նա։

Նա ընդգծել է, որ միայն երկու երկրների քաաղքական գործիչները կարող են որոշել երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ «ելնելով պատմական հոգեւոր մերձությունից եւ մեր ժողովուրդների փոխադարձ համակրանքից»։

«Հայաստանը Ռուսաստանը համարում է իր ռազմավարական գործընկերը, դա մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է, ինչն արտացոլված է Հայաստանի կառավարության հնգամյա պլանում, որն օրերս հաստատվել է մեր երկրի իշխանությունների կողմից»,- տեղեկացրել է Արարատ Միրզոյանը։

Համագործակցության կարեւոր ուղղություններից մեկը նա նշել է տարածաշրջանում եւ ընդհանրապես՝ աշխարհում անվտանգության ապահովումը։ «Մենք դեմ ենք հակամարտությունների ռազմական ճանապարհով լուծմանը եւ կողմնակից ենք խաղաղ կարգավորման Ռուսաստանի գծին։ Հայաստանը կողմնակից է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»,- նշել է ԱԺ նախագահը։

Նրա կարծիքով՝ միջխորհրդարանական հանձնաժողովը փոխգործակցության արդյունավետ գործիք է. պրն Միրզոյանն առաջարկել է ձեւավորել նրա նոր օրակարգը։ Նա հատկապես առանձնացրել է ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը, ինչպես նաեւ այն փաստը, որ Հայաստանի Ազգային ժողովում ստեղծվել է նոր հանձնաժողով, որը զբաղվելու է ԵՏՄ մասնակից երկրների օրենսդրությունների ներդաշնակեցմամբ։ Հունվարի 1-ից Հայաստանը նախագահում է ԵՏՄ մարմիններում։

ԱԺ նախագահն առանձին նշել է, որ 70 շրջան համագործակցում է Հայաստանի բոլոր շրջանների հետ։ Բայց, ըստ նրա, երկու երկրները «միջտարածաշրջանային համագործակցության ակնհայտ չիրացված ներուժ ունեն»։