Կարող ենք արձանագրել, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացման փուլ ենք թեւակոխում: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, Կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այս առումով Բրյուսելում տեղի է ունեցել արձանագրում, որ ԵՄ-ն լիարժեք պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների օրակարգում եւ ընդհանրապես ՀՀ-ում զարգացման ծրագրեր իրականացնելու օրակարգում:
«Այստեղ շատ կարեւոր է արձանագրել, որ այս համագործակցության մեջ ԵՄ-ի կողմից եւ մեր կողմից չկա որեւէ աշխարհաքաղաքական օրակարգ, ինչը շատ կարեւոր է»,-ընդգծեց Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ ԵՄ-ի հետ մի քանի մեգանախագծեր են քննարկվել. «Դրանց առաջին խումբը վերաբերում է ճանապարհներին եւ տրանսպորտային ենթակառուցվածքներին: Մեր նպատակն է, որ Հայաստանում ավտոճանապարհները բերվեն եվրոպական ստանդարտների, ինչպես նաեւ «Հյուսիս-Հարավ»-ի վերաբերյալ կարեւոր որոշումներ պետք է կայացնենք:
Հաջորդ մեծ ծրագիրը Հայաստանում ջրամբարաշինության ծրագիր իրականացնելու պլանն է եւ ջրերի կառավարման նոր համակարգի ներդրումը: Այս առումով շատ կարեւոր է Սեւանա լճի շուրջ եւ Հրազդան գետի երկայնքով առնվազն մինչեւ ՈԵրեւանյան լիճ ջրերի մաքրման համակարգ ստեղծելը:
Հաջորդ խնդիրը դպրոցաշինություն իրականացնելն է: Մենք այդպիսի ծրագիր իրականացնում ենք, բայց կարիք ունենք լրջորեն ընդլայնել այդ ծրագրի շրջանակները, որպեսզի այդ դպրոցները սեյսմիկ պահանջներին համապատասխանեն, նաեւ համապատասխանեն կրթական ժամանակակից պահանջներին»,-ընդգծեց Փաշինյանը:











