Արդեն երկրորդ օրն է՝ Արմավիրի Զարթոնք գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով 23 տարվա գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը: Գյուղացիները դժգոհում են, որ Հանրապետական գյուղապետը տարիներ շարունակ ապօրինություններով է ղեկավարել, իսկ իրենք չեն դժգոհել, որովհետև վախեցել են։
«Շատերը վախեցած են, դուրս չեն գալիս տներից։ Վախ կա էս ժողովրդի մեջ, ահ ու սարսափ կա»,– լրագրողներին ասաց գյուղացիներից մեկը՝ նշելով, որ գյուղապետը տարիներ շարունակ վախի մթնոլորտ է տարածել գյուղացիների շրջանում։
Գյուղացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրում են օգնել իրենց՝ ազատվելու գյուղապետից։ Նրանց խոսքով՝ նա իր ընտանիքով սեփականաշնորհել է գյուղի հողատարածքները, իսկ գյուղացիներին շատ քիչ հող է մնացել։ Բացի դրանից՝ գյուղացիներին հողատարածքները ոռոգելու համար շատ քիչ ջուր է տրամադրվում, մինչդեռ գյուղապետի հողատարածքներում ոռոգման խնդիր չկա։
Գյուղացիները նաև վստահեցնում են, որ գյուղապետը յուրացրել է ապրիլյան պատերազմին մասնակցած գյուղացիներին բյուջեից հատկացված գումարները։
Գյուղացիները հայտարարեցին, որ եթե իրենց պահանջը չիրականցվի և գյուղապետը չհեռանա, իրենք դիմելու են բողոքի արտահայատման ամենատարբեր եղանակաների՝ փակելու են մայրուղին, երկաթգիծը։
NEWS.am-ի հետ զրույցում Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանն ասաց, որ գյուղացիների բողոքն արադարացի չէ։ Նրա խոսքով՝ Ապրիլյան պատերազմի մասնակիցների ծնողներին ինքը անձամբ է տվել գումարը:
«Որքան գումար համայնքի բյուջեից դուրս է գրվել, այնքանն էլ հասել է դիմողին: 2017 թվականին տոմսեր գնեցի և ապրիլյան մասնակիցներին առաջարկեցի գնալ Քոբուլեթի հանգստանալու, ովքեր որ ասում են՝ գումար չեն ստացել, ասեմ, որ գումարի փոխարեն տոմսն եմ առել»,– ասաց նա։
Գյուղապետն ասաց, որ իր համայնքի բնակիչներից չի նեղանում, բայց հրաժարական էլ չի տալու
«Եթե ուզում են բողոքի ակցիա անել, ապա թող անեն: Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ: Շարունակելու են աշխատել այնպես, ինչպես առաջ, ուզում են բողոքի ակցիա անել՝ թող անեն: Եթե ստորագրահավաք կարողանան անել և 50+1% հավաքեն, ես նույն րոպեին կհեռանամ պաշտոնից»,– ասաց նա։











